Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգությունը կներկայացվի Երևանում գտնվող նրա տուն-թանգարանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի հայտնի և անհայտ դրվագները, մշակութային ժառանգությունը կներկայացվեն Երևանում գտնվող նրա տուն-թանգարանում: «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն լինելու է աշխարհի առաջին թանգարանը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմելու է անձամբ: Տեքստերն ու աուդիոձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են:

«Լինելով թանգարանում` դուք կարող եք իր ներկայացմամբ լսել իր անցած ուղու պատմությունը, ծանոթանալ տեսանյութերին: Այն լինելու է առաջին մուլտիմեդիոն ինտերակտիվ թանգարանը: Այստեղ կանցկացվեն նաև այլ մշակութային միջոցառումներ: Այն չի լինելու դասական թանգարան, ինչպես շատերը պատկերացնում են: Այստեղ լինելու է ամբողջական ձայնագրման ստուդիա: Մենք ինտերակտիվ ձևով ներկայացնելու ենք նրա կյանքի հիմանական դրվագները, մասնավորապես, նրա արտապատկերված բնակարանը»,-ասաց Քրիստինե Սարգսյանը:

Անիմացիայով ներկայացվելու է նրա ընտանիքի անցած ուղին, թե ինչպես են նրանք Կ. Պոլսից փախել, ինչպես են հասել նախ Սալոնիկ, ապա Մարսել, այնուհետև՝ Փարիզ: Թանգարանի սենյակներից մեկում պատկերները լինելու են խորհրդանշական ավազով, որովհետև շատ ընտանիքներ Կ. Պոլսից փախչելիս մահացել են Դեր- Զորի անապատում: Ցուցադրվելու են այն արխիվային բնօրինակ փաստաթղթերը, որոնցով Ազնավուրների ընտանիքը ապաստան էր հայցել:

Թանգարանի այցելուներին հնարավորություն կտրվի լինել ետնաբեմում, տեսնել այն իրերը, որոնք մաեստրոյին անհրաժեշտ են մինչ բեմ բարձրանալը, և արդեն վերջում այցելուները կարող են տեսնել նրա համերգը՝ 3D ձևաչափով:

«Այստեղ կներկայացվեն մաեստրոյի անձնական իրերը, մասնավորապես, նրա առաջին դաշնամուրը, ոսկե ձայնսկավառակները: Ներկայացված են լինելու նրա կյանքի բազմաթիվ ասպեկտներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: Երաժշտության ոլորտում գործելուց բացի, հանդես է եկել նաև դերասանական ոլորտում` աշխատելով աշխարհահռչակ ռեժիսորների հետ: Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում»,-ասաց Քրիստինե Սարգսյանը:

Նա նշեց, որ այս թանգարանի նպատակն է ցույց տալ Շառլ Ազնավուրի կյանքը, մի մարդու, ով կարևոր նշանակություն ունի աշխարհի բոլոր հայերի համար: Պատասխանելով այն հարցին, թե ինչու որոշում կայացվեց թանգարանը կառուցել հենց Հայաստանում, Քրիստինե Սարգսյանը նշեց, որ Շառլ Ազնավուրն ամբողջ կյանքի ընթացքում ապացուցեց հավատարմությունն իր արմատներին, իր ազգին:

Թանգարանի բացումը նախատեսված է 2018 թվականին: Քրիստինե Սարգսյանը նշեց, որ այսօր հստակ օր նշելը դժվար է, որովհետև նախանշված տեխնոլոգիաների համար սարքավորումները պետք է բերվեն Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում