Հակակարկտային պաշտպանության նոր եղանակի ներդրումը ազդեցիկ նշանակություն կունենա գյուղատնտեսության համար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց ավելի քան 75 մլն դրամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում:«Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ է անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ,նշեցնախարարը:
Հնարավորություններ կստեղծվեն գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ծրագրի իրականացումը և նշեց. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»:
Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ դրամի վնաս: