Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքից, ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքից դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան քայլարշավ էր կազմակերպել, որին մասնակցում էին լիբանանյան տարբեր կուսակցությունների, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցեղասպանության 102-ամյակը ոգեկոչող միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մեհրապում:

«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիր է: Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է եւ շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականություն վարել»,- իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ հնարավոր չէ մոռանալ կամ թաղել իրականությունը: «Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Անդրադառնալով Օսմանյան կայսրության իրագործած կոտորածներից հետո հայերի կյանքում լիբանանցիների ունեցած դերին, Վեհափառը նշել է, որ նրանք օրինակելի կերպով, արտակարգ հյուրընկալությամբ իրենց հարկի տակ ընդունել են օսմանյան նախճիրից ճողոպրած հազարավոր հայորդիների: «Հայերի վերածնունդը սկսվել է Լիբանանում, եւ հենց այդ պատճառով է, որ Լիբանանն իր հատուկ տեղն ու դերն ունի աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայորդիների սրտի մեջ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ իր ծնողները եւս ցեղասպանությունից փրկվածներ են: «Հայրս ասում էր, որ լիբանանցի լինել չի նշանակում լիբանանյան անցագիր ունենալ: Լիբանանցի լինելը հրավեր է եւ հանձնառություն` հանուն ազատ եւ գերիշխան Լիբանանի եւ կհատկանշվի համերաշխությամբ եւ բազմազանությամբ»,-ասել է նա:

Եզրափակելով իր խոսքը` Վեհափառ Հայրապետն ասաց, որ ապրիլի 24-ը մարտահրավեր է արդարությանը, մարդու արժանապատվությանն ու իրավունքների պաշտպանությանը:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն