Քաղաքականություն

Հիանում եմ Հայաստանի վերածնման բացառիկ օրինակով. Էմանուել Մակրոն

3 րոպեի ընթերցում

 Հիանում եմ Հայաստանի վերածնման բացառիկ օրինակով. Էմանուել Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը հիացմունքով է վերաբերվում Ֆրանսիայի հայ համայնքին, որն, ըստ նրա, ինչպես ինտեգրացիայի, այնպես էլ իր արմատների մշակույթի հետ խորը կապի պահպանման օրինակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մակրոնն ասել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:

«Ես հիանում եմ Հանրապետության (Ֆրանսիայի- խմբ.) մեջ իրենց ներգրավվածությամբ, իրենց մշակույթով, ցեղասպանության հիշողության պաշտպանության հարցում իրենց հետևողականությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերածնման գրեթե բացառիկ օրինակով: Այն առաջացավ ի հակառակ պատմության չար քամիների, և շարունակվում է ի հակառակ վախերի և երբեմն նաև թշնամանքի, այն անկոտրում է: Այստեղ հայկական մշակույթը ֆրանսիական և եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, իսկ այնտեղ՝ Արևելքի ու Արևմուտքի սահմանին այն այս մշակույթի առաջամարտիկն է»,- նշել է Մակրոնը:

Անդրադառնալով Ֆրանսիայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններին՝ Մակրոնը ցանկություն է հայտնել զարգացնել դրանք՝ հաշվի առնելով ինչպես Ֆրանսիայի հայ համայնքի դեր, այնպես էլ պատմության այնպիսի օրինակներ ինչպիսիք են 1909 և 1915 թվականներին Կիլիկիայի հայերին ֆրանսիական նավատորմի ցուցաբերած աջակցությունը կամ 1918թ-ին Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումը: «Այսօր Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Կազմակերպության առաջիկա գագաթնաժողովը 2018թ-ին տեղի է ունենալու Երևանում: Դա կարևոր պահ է լինելու մեր երկու երկրների համար: Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների շրջանակներում պետք է ուշադրություն դարձնենք նաև տնտեսության, ինչին հաճախ Հայաստանում ուշադրություն չի դարձվում: Ֆրանսիան պետք է Հայաստանում ներդրումներ կատարի հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորագույն տեխնոլոգիաները»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահ թեկնածուն:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում