Արամ Ա կաթողիկոսը Ս. Հարության պատարագ է մատուցել Անթիլիասի մայրավանքում

6 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի զանգերու ղողանջները մարտի 27-ի առավոտյան ավետել են Ս. Հարության տոնի Հայրապետական Ս. եւ Անմահ Պատարագի թափորին սկիզբը։ Դպրեվանքի ուսանողների եւ միաբան հայրերի կազմած թափորը Մայր Տաճար է առաջնորդել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, որ, օրհնելով ներկա ժողովուրդը, մուտք գործեց Սուրբ Տաճար։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, Պատարագի արարողությանը ներկա էին դեսպաններ, պետական նախարարներ, պատգամավորներ, Ազգային կենտրոնական վարչության անդամներ, կուսակցությունների ներկայացուցիչներ եւ ազգային գործիչներ։ Ս. Պատարագի քառաձայն երգեցողությունը կատարել է Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը՝ ղեկավարությամբ Հոգշ. Տ. Գարեգին Վրդ. Շխրտմյանի։

Քարոզի պահուն Վեհափառ Հայրապետը տվել է Ս. Հարութեան տոնի իր պատգամը, որուն առանցքն է կազմել Քրիստոսի հաստատումը, թե՝ Քրիստոս ի՛նքն է կյանքը աշխարհի։ Մեկնելով Քրիստոսի այս վկայությունից, Նորին Սրբությունն ընդհանուր գծերով անդրադարձել է, թե «Կյանքն իր մարդկային թե ֆիզիկական արտայայտություններով ինքնագո իրականություն չէ, այլ ստեղծված է Աստծո կողմից, եւ Աստված հստակ նպատակի համար ստեղծեց կյանքը տիեզերքի մեջ։ Այդ նպատակն Իր թագավորության հաստատումն էր, եւ մարդը կոչված էր որպես գործակից Աստուծո՝ շարունակելու Աստուծո թագավորութեան հաստատման աշխատանքը։ Ա՛յս էր մարդու աստվածատուր պարտավորությունը։ Ահա թե ինչու մարդու ստեղծումը թէ՛ իր արտաքին ձեւի եւ թե իր նպատակին մեջ բոլորովին տարբեր էր այլ արարածներց։ Մարդը բանականությամբ ու ինքնիշխանությամբ օժտված էր»։

Շարունակելով իր խոսքը՝ Վեհափառ Հայրապետն ասել է. «Սակայն, առաջին մարդը՝ Ադամ իրեն տրված երկնային պարգեւը, բանականությունը ու ազատությունը գործածեց իր անձնական փառքի ու հաճույքի համար եւ այս ձեւով նա երկնային շնորհքներով օժտված իր կյանքը կորցրեց, հեռացավ Աստծուց ու դարձավ այլ արարածների կարգի սովորական գոյություն։ Այս տեսանկյունից պետք է դիտել Քրիստոսի վկայությունը, թե ես եկա, որպեսզի ճշմարիտ կյանք ունենաք, թե ես եմ ճշմարիտ կյանքը։ Քրիստոսը ճշմարիտ կյանքը վերահաստատելու համար Իր արյունը թափեց. ինչպես հայ եկեղեցու շարական է ասում՝ Իր մահով մարդկային կյանքի վրա տիրապետություն հաստատած մահվան յաղթեց եւ երկնային հավիտենական կյանքը պարգեւեց մարդուն»։

Ապա Արամ Ա. Կաթողիկոսը նշել է. «Կյանքն Աստծո պարգեւն է տրված մարդուն. որեւէ անձ իրավունք չունի ուրիշի կյանքը խլելու, նույնիսկ քրիստոնեական հասկացողությամբ՝ որեւէ անձ իրավունք չունի իր կյանքը իր անձից խլելու. որովհետեւ կյանքը պատկանում է Աստծուն։ Հետեւաբար, կյանքի՝ մարդկային թե տիեզերական, նկատմամբ մարդը կոչված է հատուկ հոգածություն, վերաբերում ու հարգանք ցույց տալու։ Ուր կյանք կա, այնտեղ Աստծո ներկայությունը կա։ Կյանքի նկատմամբ որեւէ հարված մեղանչում է Աստուծո դեմ։ Ներկա ընկերության կյանքում ականատես ու ականջալուր ենք լինում այնպիսի արարքների, որոնք փաստորեն մեղանչում են Աստծո դեմ։ Ահաբեկչություն է մարդու կյանքը խլելը. եւ այլապես ահաբեկչություն է բնության մեջ գոյություն ունեցող կյանքի նկատմամբ որեւէ հարված։ Չարով, չարիքով ու մեղքով լեցուն այս երեւոյթները համամարդկային լուրջ մտահոգություններ են, որոնց նկատմամբ բոլոր կրոնները չպետք է անտարբեր մնան։ Քրիստոս աշխարհի կյանքը վերանորոգեց եւ ինքը դարձավ ճշմարիտ կյանքի տանող ճամբան։ Քրիստոսի հարութիւնը հրավեր է քայլելու Իր հարութեամբ կնքված վերանորոգ կյանքի ճամփան»։

Անդրադառնալով Լիբանանի ու, ընահանրապես, Միջին Արեւելքի կացությանը, Վեհափառ Հայրապետը կարեւորել է. «Քրիստոնյա համանքները առավել կազմակերպվածությամբ պետք է կառչած մնան իրենց իրավունքներին, եւ, հետեւաբար, շրջանից արտագաղթը կրնա մեծապես վնասել քրիստոնեության վկայության»։ Նորին Սրբությունը նաեւ շեշտեց Լիբանանում շուտափույթ նախագահական ընտրություն կատարելու հրամայականը. «Ժողովուրդի կողմից ընտրված երեսփոխանները ժողովրդի ու պատմության դիմաց պարտավորություն ունեն նախագահական ընտրություն կատարելու։ Նրանք հաշվետու են ժողովրդին։ Մեր սպասումն է, որ այս գիտակցությամբ երեսփոխանները կատարեն նախագահի ընտրությունը»։

Եկեղեցական արարողութեան ավարտին Նորին Սրբությունն օրհնել է Կաթողիկոսարանի շրջափակը լցնող հոծ բազմությունը եւ տվել մեր Տիրոջ ու Փրկչին հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի» եւ Հայրապետական բարեմաղթությունները փոխանցել։ Ապա, Վեհափառ Հայրապետը շնորհավորանքների է ընդունել։ Այս առթիվ Նորին Սուրբ Օծությունը շնորհավորագրեր եւ հեռաձայնային շնորհավորանքներ է ստացել Լիբանանի պետական պատասխանատուներից, ինչպէս նաեւ Լիբանանի և այլ եկրների հոգեւոր պետերից։

Հայերեն

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար