ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը խոսել է ստացած վնասվածքի և «Սպարտակ»-ի նոր գլխավոր մարզչի հետ փոխհարաբերությունների մասին:
«Ես վնասվածք ստացա մարզման ժամանակ, և ցավը զգացվում էր ամեն մի շարժման ժամանակ: Իսկ խնդիրներն առաջացան այն բանից հետո, երբ երկու օր շարունակում ցատկում էինք միայն արգելքների վրայով: Մենք այդպիսի առաջադրանք էինք ստացել: Իսկ ինչ վերաբերվում է անհատական մարզումներին, ապա մի քանի օրից արդեն կմիանամ ընդհանուր խմբին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի խոսքերը մեջ է բերում Championat կայքը:
Խոսելով «Սպարտակ»-ի նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի մասին` Մովսիսյանը, մասնավորապես, ասել է.«Մարզիչն ասել է, որ ցանկանում է ինձ տեսնել գործի մեջ, և դա ինձ համար ամենակարևորն է, քանի որ ամեն մի հարձակվողի համար կարևորը վստահությունն է»:
Այս օրերին Մոսկվայի «Սպարտակ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում: