ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
«Տեղական ժամանակով ժամը 09:15-ի դրությամբ զոհերի թիվը կազմել է 8019 մարդ, տուժել է 16 հազար 33 մարդ»,- նշում են իրավապահ մարմինները ֆեյսբուքյան իրենց էջում:
Ավելի վաղ Նեպալի կարմիր խաչը հայտնել էր 8415 զոհի եւ 17576 տուժածի մասին, սակայն իշխանություններն այս տեղեկատվությունը չեն հաստատել:
7,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ Նեպալում ապրիլի 25-ին: Դրանից հետո գրանցվել է մոտ 90 կրկնակի ցնցում՝ 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով: Առավել վնասվել է մայրաքաղաք Կատմանդուն, որտեղ երկրաշարժի զոհ է դարձել 1210 եւ տուժել է 4634 մարդ: Երկրաշարժն ամբողջությամբ ավերել է ավելի քան 288 հազար բնակելի շինություն: