Գավառի երկրագիտական թանգարանում ցուցադրվում են Ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները եւ հուշերը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի երկրագիտական թանգարանում նույն հաստատության տնօրինության եւ աշխատակիցների ջանքերով կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետում հաստատված ընտանիքիների լուսանկարների եւ գրավոր հուշերի թեմատիկ ցուցադրություն: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ցուցադրությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետում բնավորված երկու տասնյակից ավելի հայերի զավակները եւ թոռները:

Բացելով ցուցադրությունը՝ Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Գավառում ապաստանած ընտանիքների համառոտ պատմությունը, պահպանված նյութերը եւ լուսանկարները, որոնք այսուհետ դառնալու են ժողովրդի հոգեւոր սեփականությունը: Հայոց ցեղասպանության եւ այն վերապրած ու Նոր Բայազետում հանգրվանած մարդկանց ճակատագրերի մասին դասախոսությամբ հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Նա, ի թիվս թեմայի շուրջ հավաքած հարուստ փաստագրական նյութերի, ներկայացրեց շատ հետաքրքիր տեղեկություններ Նոր Բայազետում հաստատված Սարինգուլյանների մասին, որոնց շառավիղները 1830 թվականին մնացել են Կարինում, որոնցից եւ ծնունդ է առել Մեծ եղեռնի զոհ, հայ անվանի հեղափոխական ու քաղաքական գործիչ, Օսմանյան խորհրդարանի անդամ Վարդգես Սերինկուլյանը: «Այդ տոհմի հետ մշտական կապ պահպանել են մեր քաղաքում բնակվող Սարինգուլյանները՝ Մանուկ Սարինգուլյանը, որ Նոր Բայազետի մեծահարուստ Հայրապետ Խաչատրյանի մտերիմն ու աջ ձեռքն էր, Հակոբ Սարինկուլյանը, որ հայտնվել է ամերիկյան որբանոցում, անցել Ամերիկա, իսկ կյանքի վերջին տարիներն ապրել Գերմանիայում, Վազգեն Սարինկուլյանը, ով կապ էր ստեղծում իմ եւ Մոսկվայում բնակվող Խաչանուշ Սարինգուլյանի միջեւ: Վերջինս էլ ներկայացրել է հուշեր Մեծ եղեռնից հրաշքով փրկված եւ Նոր Բայազետում ապաստանած ընտանիքների ու որբերի կյանքի, հետագա ճակատագրերի մասին»,- նշեց Հասմիկ Հովեյանը: Ըստ բանախոսի՝ Նոր Բայազետում առաջին եղեռնազարկվածները եկել են Ալաշկերտից, 1914 թվականի վերջերին, մոտ 500 ընտանիք, որոնց տեղում պատսպարել են, տվել կացարան ու սնունդ:

Գավառի քաղաքապետարանի աշխատակից Արայիկ Գեւորգյանը հուշեր պատմեց Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետում ապաստան գտած իր պապի՝ Ռուբեն Հակոբի Գեւորգյանի մասին: «Պապս իր գերդաստանով բնակվել է Ալաշկերտի Ամատ գյուղում: Նա ասում էր, որ իրենց գերդաստանում 39 ջվալ կար, որոնցով կրում էին դաշտի բերքը, ինչը նշանակում է, որ այդ գերդաստանը 39 չափահաս տղամարդ ուներ: Թուրքի սրից փրկվել են միայն պապս եւ նրա հորեղբոր երկու որդիները: Հոգին ավանդելիս՝ պապս իր գյուղի անունն էր շարունակ տալիս, բայց՝ բարբառային տարբերակով՝ Համա՛թ, Համա՛թ»,- ներկայացրեց Արայիկ Գեւորգյանը:

Ցուցադրությունն ուղեկցվեց գրական-երաժշտական կատարումներով: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ Թուրքիայի այն ժամանակվա եւ այսօրվա ղեկավարների միջեւ տարբերություն չի կարող գտնել, եթե ցեղասպան երկրի ղեկավարությունը շարունակում է ուրանալ հայոց հայրենազրկումը, սոսկալի ոճրագործությունները: «Միեւնույն է, աշխարհը կանգնում է մեր կողքին, մեր ձայնն առավել լսելի է դառնում բոլորին, ու մի օր էլ թուրքը կընդունի իր մեղքը: Կամենում եմ, որ որ հայ կանանց աչքերից այլեւս արտասուք չհոսի: Ինչպես որ հիմա ցավում ու սգում ենք ազգովի, կուզեմ, որ այս ապրիլի 24-ից հետո էլ ազգովի լծվենք մեր հայրենիքը զորացնելու եւ շենացնելու գործին»,- եզրափակեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա