Ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին, տուժածներ չկան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատ-Երասխ հատվածի 557 կմ-ի 1-ին պիկետում գտնվող երկաթուղային գծանցում ցեմենտ տեղափոխող բեռնատարը հոկտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին բախվել է Երևանից Երասխ ուղևորվող ուղևորատար էլեկտրագնացքին: Բախման արդյունքում էլեկտրագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «ՀԿԵ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի կենտրոնից, լոկոմոտիվային բրիգադի ուշադրության և գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել զոհերից և տուժածներից:

Գիշերը ժամը 2:40-ին վագոնը հետ է դրվել ռելսերին:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ցեմենտ տեղափոխող բեռնատարի վարորդը ոչ միայն անտեսել էր այս գծանցում տեղադրված զգուշացնող նշանները, գնացքի զգուշացնող ձայնային ու լուսային ազդանշանները, այլև տեսել է մոտենող էլեկտրագնացքը, որի առաջին վագոնն արդեն գտնվում էր գծանցում: Վարորդի անփութության պատճառով անհնար է եղել բախումից խուսափել:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգույշ: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:

Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում