Արամ Ա կաթողիկոսը պարգևատրել է սիրիահայ գաղութի մշակութային և ազգային կյանքում մեծ ներդրում ունեցող երկու սիրիահայերի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 20-ին Վեհարանի դահլիճում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել սիրիահայ գաղութի մշակութային և ազգային կյանքում ներդրում ունեցող Հուրի Ազեզյանին` Հալեպից և Տիար Հակոբ Ադամյանին` Լաթաքիայից: Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից, հանդիսությանը ներկա են եղել մտավորականներ, կրթական-մշակութային միությունների ներկայացուցիչներ, ազգականներ: Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը ներկայացրել է Հուրի Ազեզյանի մտավորական, ազգային և կրթական վաստակը, իսկ Ժիրայր Դանիելյանը խոսել է Հակոբ Ադամյանի գրական ու մշակութային ներդրումների մասին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, անդրադառնալով սիրիական տագնապի պատճառով սիրիահայ գաղութի դիմագրաված դժվարություններին, նշել է. «Սիրիայի մեր գաղութն Օսմանյան պետության կողմից ծրագրված ու գործադրված Հայոց ցեղասպանության արհավիրքը տեսավ ու գոյատևեց: Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի զավակները վերակազմակերպեցին և ծաղկեցրին իրենց եկեղեցական ու համայնքային կյանքը՝ դառնալով սիրիական ընկերության անբաժան մասը: Իրենց արաբ եղբայրների կողքին նրանք կարևոր ներդրում են ունեցել ու շարունակում են ունենալ Սիրիայի վերելքում: Այսօր քաջատեղյակ ենք սիրիական հայրենիքի ներսում տիրող իրավիճակից: Սակայն, հակառակ առկա տագնապին ու նրա պատճառած վնասներին, սիրիահայությունն ամրորեն կառչած կմնա իր արմատներին և ազգային արժեքներին»:

Ապա Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Սիրիայի հայության հոգևոր և համայնքային ղեկավարներին, բարեգործական միություններին և Հայաստանի ու Սփյուռքի այն բոլոր գաղութներին, որոնք շարունակում են զորավիգ լինել Սիրիայի հայությանը: Ապա Նորին Սրբությունը շեշտել է. «Սիրիայի հայության վերականգնումը հրամայական անհրաժեշտություն է, և սա համազգային խնդիր է, ինչպես հաճախ հիշեցնում են: Արդ, մեր սպասումն է, որ այդ հանձնառությամբ մեր ժողովրդի զավակները գործնապես մասնակից դառնան Սիրիայի հայության վերականգնման աշխատանքին»:

Իր ելույթի ավարտին Վեհափառը շնորհակալություն է հայտնել Հուրի Ազեզյանին և Հակոբ Ադամյանին Սիրիայի հայության ազգային-եկեղեցական ու մշակութային կյանքում իրենց բերած նպաստի համար:

Ապա պարգևատրվողներն իրենց սրտի երախտագիտության խոսքն են ասել Նորին Սրբությանը:

Հայերեն