Քաղաքականություն

Չինարին կրակահերթի տակ պահելով հակառակորդը նյութական վնասներ է հասցրել

2 րոպեի ընթերցում

Չինարին կրակահերթի տակ պահելով հակառակորդը նյութական վնասներ է հասցրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կրակահերթերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ շարունակվել են հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերվա ընթացքում: Արձակված գնդակներից վնասվել են տների պատերն ու պատուհանները, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը տեղեկացրեց, որ կրակոցները սկսվել են ժամը 22:00-ի սահմաններում և շարունակվել մի քանի ժամ: «Կրակոցներ էին հնչում նաև ցերեկվա ժամերին, մոտավորապես ժամը 14:00-16:00-ի հատվածում: Սակայն գիշերը հակառակորդը կրկին ակտիվացավ և ժամեր շարունակ կրակոցներ էր արձակում գյուղի ուղղությամբ: Կրակահերթերից տուժել են հիմնականում տների արտաքին հատվածները, պատերը, պատուհանները: Մի դեպքում էլ արձակված գնդակը անցել է պատուհանով և վնասել բնակիչներից մեկի տան սառնարանը»,- ասաց Սողոյանը:

Չինարիի գյուղապետը տեղեկացրեց, որ հարևան սահանամերձ գյուղերում իրավիճակն ավելի հանգիստ է եղել և կրակոցներ չեն հնչել: Չինարիում եւս դրանք դադարել են:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակրոցներն ակտիվ էին նաեւ հունիսի 28-ին` ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը: Գյուղերը լուրջ վնասներ են կրել: Մինչ այդ` հունիսի 25-ին, ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել էր գյուղը, գնդակները հասել էին գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում