Վրացական զինվորական ստորաբաժանումն առաջին անգամ խաղաղապահ առաքելությամբ մեկնում Է Աֆրիկա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարության վաշտը հունիսի 6-ին առաջին անգամ խաղաղարար առաքելությամբ ուղեւորվում Է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն. մեկնման արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմահանգրվանի օդանավակայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Սա առաջին դեպքն Է, երբ վրացի զինծառայողները կմասնակցեն Եվրամիության ռազմական առաքելությանը:
Անվտանգության նկատառումներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի ճշտում վրացական ստորաբաժանման մեկնելու ճշգրիտ ժամանակը, որը Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելությանը կմասնակցի վեց ամսվա ընթացքում:
2013 թվականին Եվրամիության Վիլնյուսի գագաթնաժողովում Վրաստանը շրջանակային համաձայնագիր Է ստորագրել ճգնաժամային իրավիճակների կառավարման ԵՄ-ի գործողություններին երկրի մասնակցության մասին: Այն ժամանակ Վրաստանը հրավեր ստացավ մասնակցելու ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին: 2014 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանը պաշտպանել Է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն վաշտ ուղարկելու նախաձեռնությունը:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը հերթական քաղաքական ճգնաժամում Է հայտնվել 2013 թվականի վերջին: Դեկտեմբերի սկզբին մայրաքաղաք Բանգիում ընդհարումներ են տեղի ունեցել «Սելեկա» իսլամիստական խմբավորման զինյալների եւ նրանց դիմակայող քրիստոնյա ապստամբների միջեւ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության ընթացքում մինչեւ 1 մլն մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները: Զոհվել Է ավելի քան 2000 բնակիչ:
Ներկայում Վրաստանի զինված ուժերը մասնակցում են Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը. այստեղ ծառայում են մեկուկես հազարից ավելի վրացի զինվորականներ, եւ Վրաստանը առաքելության հինգերորդ խոշոր մասնակիցն Է ԱՄՆ-ից, ՄԵծ Բրիտանիայից, Գերմանիայից ու Իտալիայից հետո: