Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է քննարկել հայ-թուրքական սահմանի կարգավիճակը
6 րոպեի ընթերցում
![Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է քննարկել հայ-թուրքական սահմանի կարգավիճակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/06/764739.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանների հարցում Եվրասիական տնտեսական միությունը շատ ավելի լուրջ եւ որոշակի անելիքներ ունի, քան քննարկել մի պետության նախագահի նամակ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ եւ չի էլ նախատեսում անդամակցել: Միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանի գնահատմամբ` շատ կարեւոր է դառնում հայ-թուրքական սահմանի կարգավիճակի հարցը: Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո հայ-թուրքական սահմանը կդառնա միջազգային երկու տնտեսական միավորումների սահման, քանի որ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության Մաքսային միության անդամ: «Հայ-թուրքական սահմանը դառնում է Եվրասիական տնտեսական միության արտաքին սահման եւ, համապատասխանաբար, ապագայում Եվրասիական միությունը պետք է լրջորեն զբաղվի դրա կարգավիճակով եւ համապատասխան քայլեր ձեռնարկի սահմանի իրավիճակի նորմալացման ուղղությամբ: Ներկա կացությունը ժամանակակից աշխարհում չի կարող բնականոն համարվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վիգեն Քոչարյանը:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակին, Վիգեն Քոչարյանը նշում է, որ միջազգային իրավական տեսանկյունից դրվագը մեղմ ասած տարօրինակ է: «Եվրասիական տնտեսական միությունը բաղկացած է 3 պետությունից եւ եւս 2 պետություն անդամակցության հայտ են ներկայացրել: Հետեւաբար, բոլոր այլ պետությունները ոչ մի առնչություն չունեն միության ստեղծման աշխատանքներին եւ տարօրինակ կլիներ լուրջ քննարկել նրանց ղեկավարների կարծիքներն ու մտքերն այդ գործընթացի վերաբերյալ»,-ասաց Վիգեն Քոչարյանը` հավելելով, որ հավանաբար նամակի ընթերցումը ոչ թե սկզբունքային դիրքորորոշման արտահայտում է, այլ ստանձնած պարտավորության կատարում: Վիգեն Քոչարյանի գնահատմամբ, նախագահների հանդիպմանը քննարկվում էր Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ անդամակցությունը, որի հետ ԼՂՀ հարցի արծարծումը որեւէ առնչություն չունի: «Հայաստանն ավելի քան 20 տարի հանդիսանում է տարբեր միջազգային կառույցների անդամ եւ նման հարթությունում այդ հարցը երբեք չի դրվել: Հայաստանը ԱՀԿ անդամ է, ունի մեծ փորձ այդ կառույցում եւ անգամ այնտեղ ԼՂՀ -ի սահմանների հարցը երբեք խնդրահարույց չի դարձել: Եվրասիական միությունն էլ է տնտեսական կառույց, իրավիճակն էլ համանման, հետեւաբար, սահմանների վերաբերյալ խնդիրների առաջացման հիմքեր չպետք է լինեն»,- ասաց Քոչարյանը` հիշեցնելով, որ Բաքվի ղեկավարությունը հնարավոր եւ անհնար բոլոր առիթներն օգտագործում է, որպեսզի վնասի Հայաստանին, նրա մասնակցությանը ինտեգրացիոն գործընթացներին: Հարեւան պետության ղեկավարությունը բացահայտ հռչակել է որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Հայաստանի մեկուսացումը: «Ալիեւի նամակը հենց այդ լույսի ներքո կգնահատեի»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ ադրբեջանական ղեկավարության ջանքերը դատապարտված են տապալման, քանի որ Հայաստանն է որոշում ինտեգրացիոն գործնթացներում իր մասնակցության ձեւաչափերը եւ Ադրբեջանը դրան խոչընդոտելու որեւէ իրական լծակ չունի: Վիգեն Քոչարյանը շեշտում է, որ միջազգային իրավունքում տարածքային փոփոխությունների ճանաչման ինստիտուտ կամ անհրաժեշտություն գոյություն չունի: Պետությունները կարող են իրենց դիրքորոշումը հայտնեն` հայտարարելով, որ ընդունում են կամ չեն ընդունում այս կամ այն իրողությունը, սակայն դա զուտ տվյալ պետության տեսակետն է: Այստեղ էական է տարբերությունը պետությունների կամ կառավարությունների ճանաչման հետ. դրանք քայլեր են, որոնք առաջացնում են հստակ միջազգային իրավական հետևանքներ: Վիգեն Քոչարյանը չի բացառում նաեւ, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը կարող է ի վերջո հանգեցնել այնպիսի զարգացումների, որոնք վնաս կհասցնեն հենց Ադրբեջանի շահերին: «Իրավիճակն արագ է փոփոխվում եւ հնարավոր չէ բացառել, որ Եվրասիական միության անդամներ դառնան նաև դեռեւս չճանաչված պետությունները` Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը և, այդ պայմաններում ինչու ոչ, նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս առնչությամբ խորհուրդ կտայի Ադրբեջանին առաջնորդվել հայտնի ասածվածքով` «не буди лихо, пока оно тихо», քանի որ բացառված չէ, որ իր սեփական քայլերը կարող են իրավիճակի արմատական փոփոխության լրացուցիչ խթան հանդիսանալ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին պայմանագիրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետ սահմանել հունիսի 15-ը: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը կստորագրի ամենամոտ ժամանակներում: Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն:
Հասմիկ Հարությունյան