ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ՝ բավականին դինամիկ մթնոլորտում ընթացող նախընտրական քարոզչության գործընթացում լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ի աշխատանքները նախընտրական քարոզչության փուլում բաժանված են եղել երկու հիմնական ուղղությունների՝ ընտրությունների կազմակերպչական գործընթացների իրականացում և քարոզարշավի ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու թերություններին արձագանքում։
«Քարոզարշավին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Բոլորն ակտիվորեն օգտագործում են քարոզչական գործիքները, խոսույթը բավականին սուր է, պայքարը՝ թեժ, սակայն այս պայմաններում արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ առավել հաճախ հանդիպող խախտումները կապված են քարոզչական պաստառների՝ չնախատեսված վայրերում փակցման հետ։ Թեև նախորդ տարիների համեմատ նման դեպքերը նվազել են, սակայն դեռևս շարունակում են արձանագրվել։
Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ խոսակցություններին՝ Հովակիմյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգիրքը վարչական ռեսուրսի չարաշահում է համարում այն դեպքերը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը քարոզչության նպատակով օգտագործում է իրեն ի պաշտոնե տրամադրված ռեսուրսները կամ ազդեցություն է գործադրում ենթակաների վրա՝ նրանց պարտադրելով մասնակցել քաղաքական միջոցառումների։

«Եթե պետական կամ համայնքային ծառայողը սեփական նախաձեռնությամբ աշխատանքային ժամին մասնակցում է քարոզչական միջոցառման, ապա դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այլ աշխատանքային պարտականությունների չկատարում, որի գնահատականը պետք է տա տվյալ աշխատակցի ղեկավարը»,-պարզաբանեց նա՝ շեշտելով, որ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ դիմումներն անմիջապես ուղարկվում են դատախազություն՝ իրավական գնահատական տալու համար։
Հովակիմյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում ԿԸՀ ստացած դիմումների մոտ 80 տոկոսը վերաբերել է ընտրական ցուցակներին և հաշվառման տվյալների ճշգրտմանը։

Բուն ընտրական գործընթացների հետ կապված ստացվել է շուրջ երկու տասնյակ դիմում-բողոք, որոնք հիմնականում վերաբերում են վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, քարոզչության կամ դիտորդական գործունեության վերաբերյալ հարցերին։
Ամփոփելով նախապատրաստական աշխատանքները՝ ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ ընտրական համակարգը լիովին պատրաստ է հունիսի 7-ի քվեարկությանը։

«Ավարտվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և ղեկավար կազմերի վերապատրաստումները։ Ընտրատեղամասերի կահավորման համար նախատեսված բոլոր միջոցները տրամադրված են։ Քվեաթերթիկների և ծրարների առաքումն արդեն սկսվել է»,-տեղեկացրեց Հովակիմյանը՝ ավելացնելով, որ ԿԸՀ-ն այս օրերին աշխատում է շուրջօրյա ռեժիմով։
Խոսելով ընթացիկ տարվա հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ու ընտրական գործընթացների առանձնահատկություններից՝ Հովակիմյանն ընդգծեց միջազգային հանրության աննախադեպ ուշադրությունը։

«Չեմ հիշում որևէ ընտրություն, որի նկատմամբ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետաքրքրությունն այսքան մեծ լիներ։ Հայաստանում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանատներն ընտրությունների օրը կունենան հավատարմագրված այցելուներ»,- ներկայացրեց ԿԸՀ նախագահը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում