Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

3 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ազատության հրապարակում կայացած ամփոփիչ հանրահավաքում հայտարարել է, որ իր քաղաքական ուժը պատրաստ է ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը և իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն խաղաղություն, տնտեսական զարգացում և քաղաքացիների բարեկեցության աճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանը նշել է, որ իշխանության գալու դեպքում իր քաղաքական ուժը նախատեսում է իրականացնել մի շարք տնտեսական ծրագրեր, խթանել ներդրումները, աջակցել փոքր և միջին բիզնեսին և բարելավել բնակչության սոցիալական վիճակը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ պետության խնդիրն է պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար։

Հանրահավաքի ընթացքում ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև իր նախաձեռնությամբ կառուցվող Քրիստոսի արձանին՝ նշելով, որ այն կարող է խթանել զբոսաշրջության զարգացումը և նոր եկամուտներ բերել երկրին։

«Մենք փոքր պետություն ենք, բայց մեծ ամբիցիաներով ժողովուրդ ենք։ Պետք է կարողանանք իրականացնել խոշոր ծրագրեր, որոնք նոր հնարավորություններ կբերեն Հայաստանի համար»,- նշել է նա։

Ծառուկյանն ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես է գալիս երաշխավորված խաղաղության, բարգավաճ Հայաստանի և բարեկեցիկ կյանքի օրակարգով։

Ելույթի ավարտին նա կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և կատարել իրենց ընտրությունը՝ ելնելով երկրի ապագայի մասին պատկերացումներից։

«Դուք եք ընտրելու ձեր երեխաների վաղվա ապագան։ Ընտրողը դուք եք»,- ասել է ԲՀԿ նախագահը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում