Հասարակական

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ավելի քան 2 հազար աշխատատեղ խոստացող «Երևան մոլ» /լրացված/

3 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ավելի քան 2 հազար աշխատատեղ խոստացող «Երևան մոլ» /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական չափանիշներով առևտրի և զվարճանքի ամենամեծ կենտրոն «Երևան մոլ»-ի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 21-ին: Մինչ այդ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փետրվարի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց կենտրոն, շրջեց տաղավարներով, զրուցեց խանութի աշխատակիցների հետ: «Երևան մոլ»-ի կառուցումը խոշորագույն բիզնես-նախագծերից է, որը մեկնարկել է չորս տարի առաջ: Տարածքը, որը գտնվում է Արշակունյաց պողոտայում, զբաղեցնում է 60 հազար քարակուսի մետր և առանձնանում ճարտարապետական տեսքով: Շենքի ներքին դիզայնում կարելի է տեսնել ուրարտական ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններ:

«Երևան մոլ»-ի հարկի տակ կգործի 120 խանութ, որը հնարավորություն կտա բացելու ևս 2 հազար աշխատատեղ: Մոլի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ներկայացված կլինեն մի քանի տասնյակ արտասահմանյան բրենդներ, իսկ հայաստանյան «Զառա»-ն կլինի ամենամեծը տարածաշրջանում: Մոլում տասը հազար քառակուսի մետր տարածք է հատկացվել «Քարֆուր» սուպերմարկետի համար, որի բացումը տեղի կուեննա մի քանի ամսից:

Եվրոպական ստանդարտներով կառուցված «Երեւանը մոլը» հանրապետության ամենամեծ ժամանցի եւ առեւտրի կենտրոնն է: Մոլի տնօրեն Վազրիկ Սեկոյանի ներկայացմամբ` այն հարմարավետ է եւ աչքի է ընկնում յուրահատուկ լուծումներով: «Մոլի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ կներկայանան F&F, Richi Art, Polin City, Zippy եւ այլ ֆիրմային խանութներ»,- ասաց Սեկոյանը` հավելելով, որ կարճ ժամանակահատվածում այն կդառնա երեւանցիների սիրելի վայրերից մեկը: Թե ով է կառույցի սեփականատերը հարցին Սեկոյանն ասաց, որ դա այնքան էլ էական չէ, կարեւորը, որ արտասահմանցի ներդրողներ կան. ներդնման ընդհանուր ծավալն էլ կազմել է 50 մլն դոլար:

Կառույցի գլխավոր ճարտարապետ Արտակ Կնյազյանն էլ հավելեց, որ տարածքն ունի հետաքրքրական պատմություն. խորհրդային տարիներին այնտեղ գործել է ավտոդետալների գործարանը, հետագայում տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. 8-րդ դարի ուրարտական ժամանակաշրջանին վերագրվող դամբարան:«Հիմնվելով այդ հիմքի վրա` օգտագործել ենք հին ժամանակաշրջանի ուրարտական սեպագրեր, տարբեր տարրեր, որպեսզի ներկայացնենք Հայաստանի պատմության ընթացքը ժամանակակից լուծումներով»,- ասաց Կնյազյանը` հավելելով, որ հենց ժամանակակից պարզ լուծումներով եւ գույների ներդաշնակությամբ կենտրոնը կտարբերվի մնացած կառույցներից: Գունային լուծումներն ընտրելիս ճարտարապետն ու դիզայներները հաշվի են առել, որ Երեւանը վարդագույն տուֆի մայրաքաղաք է, հետեւաբար կառույցի հիմքում երեւանյան գույներն են:

Մոլի պաշտոնական բացումը փետրվարի 21-ին` ժամը 18:00-ին է: Միջոցառումները կշարունակվեն մինչև երեկոյան ժամը 24:00-ն, իսկ այցելուների մուտքն ազատ է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում