Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բանակցություններ կանցկացնեն

4 րոպեի ընթերցում

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բանակցություններ կանցկացնեն

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելուն զուգահեռ վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կուսակցությունը Դավիթ Համբարձումյանին առաջադրելու որոշում է կայացրել, որովհետև նա «արժանի է ու ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղել»։

Անդրադառնալով Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հայտարարությանը, որ իրենք պատրաստ են միանալ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին, երբ «Պատիվ ունեմ»-ը կարողանա ապահովել խորհրդարանում իմպիչմենտի գործընթացը սկսելու համար պակասող երկու ձայները՝ ՀՀ երրորդ նախագահը հայտնել է, որ հունիսի 11-ին այդ հարցով խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները բանակցություններ կանցկացնեն, որից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։

«Որպեսզի դուք էլ տեղյակ լինեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև, և այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանաք»,- ասել է Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը բացասական պատասխան է տվել հարցին, թե իմպիչմենտի գործընթացի շուրջ ինքն անձամբ բանակցո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Ազգային ժողովի երկու խմբակցությունները միասին ունեն 34 պատգամավոր։ Ազգային ժողովի ևս 4 պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը (հեռացվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և կուսակցության խորհրդարանական խմբակցությունից), Գեղամ Նազարյանը (դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից) և Իշխան Զաքարյանը (դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից) ունեն անկախ պատգամավորի կարգավիճակ։

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են, որ չեն միանալու վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։

Ավելի վաղ հենց Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել՝ թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, սակայն այդ ժամանակ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները չմիացան այդ նախաձեռնությանը, ինչի հետևանքով գործընթացն այդպես էլ չմեկնարկեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում