Բեսթսելլերի հեղինակ Վիշնևսկին գիրք կգրի Հայաստանի մասին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ գրող, «Մենությունը ցանցում» բեսթսելլերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկին պատրաստվում է Հայաստանի մասին նոր ստեղծագործություն գրել, որում կներկայացնի հայ ժողովրդին: Թեև երկրում գտնվելու 3-4 օրն այնքան էլ բավարար չէ հայերին ճանաչելու և հայկական հոգին խորությամբ ուսումնասիրելու համար, այնուամենայնիվ, լեհ հեղինակն ու գիտնականը որոշել է ռիսկի դիմել՝ օգտագործելով մարդկային հոգեբանության մասին իր ունեցած գիտելիքները: Վիշնևսկին օրեր առաջ «Գրական տապան 2013» փառատոնի շրջանակում առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, և մեր երկրի մասին իր տպավորությունների մասին պատմեց «Արմենպրես»-ի թղթակցին:

-Պարոն Վիշնևսկի, ուրախ ենք, որ Դուք առաջին անգամ Հայաստանում եք: Ի՞նչ տպավորություններով և զգացողություններով եք մեր երկրում:

-Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Ափսոս, ընդամենը մի քանի օրով եմ այստեղ: Արդեն հասցրել եմ լինել Ջերմուկում, Զվարթնոցում, Գեղարդում, Գառնիում: Ձեր երկիրը պատմական է, այն թանգարան է բաց երկնքի տակ: Շատ հավանել եմ այն:

-Դուք Սլավոնական համալսարանում հասցրել եք անցկացնել վարպետության դաս, «Զանգակ» գրատանը հանդիպել եք Ձեր արվեստի երկրպագուների հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումները և ի՞նչ կարծիք ունեք հայ ընթերցողների մասին:

-Հայերը շատ քաղաքակիրթ ընթերցողներ են, և հանդիպումների ընթացքում շատ հետաքրքիր հարցեր տվեցին ինձ: Օրինակ՝ Սլավոնական համալսարանում այնքան մարդ էր հավաքվել, որ որոշեցինք հանդիպումն անցկացնել ոչ թե դահլիճում, այլ բակում՝ բաց տարածքում. այստեղ վարպետության դասիս թեման համացանցի ազդեցությունն էր գրականության վրա:

-Կարծում եմ` հասցրիք նկատել, որ Հայաստանում Ձեզ սիրում են և գնահատում Ձեր արվեստը:

-Անկեղծ ասեմ՝ չգիտեի, որ Հայաստանում այդքան մեծ ժողովրդականություն եմ վայելում: Գիտեի, որ այստեղ կարդում են իմ գրքերը, քանի որ դրանք հրատարակված են նաև ռուսերենով: Ուրախ եմ, որ իմացա, որ հայերն ինձ սիրում են: Չափազանց երջանիկ եմ, որ մենք սկսում ենք նոր նախագիծ՝ իմ 2 գրքերը թարգմանվելու են հայերեն և հրատարակվելու են այստեղ, որպեսզի ավելի շատ մարդիկ կարդան իմ գործերը: Գրքերից մեկը կլինի իմ նոր՝ Grand Hotel ստեղծագործությունը, որը լույս կընծայվի միայն 2014 թվականին: Բացի դրանից, կարծում եմ, որ հայերենով կհրատարակենք նաև «Սիրուհին» պատմվածքների ժողովածուն: Ռուսերեն թարգմանությամբ այդ ժողովածուն այդպես է կոչվում, բայց իրականում այն անվանվում է «Լարվածության սինդրոմ», որը մշտապես առկա է ցանկացած կնոջ մոտ դաշտանային ցիկլի ժամանակ: Ռուսներն այն անվանել են «Սիրուհին» մեկ այլ պատմվածքի վերնագրով:

-Տեղյակ եմ, որ «Գրական տապան 2013» փառատոնի շրջանակում նախատեսում եք ստեղծագործություն գրել Հայաստանի մասին: Արդեն մտածե՞լ եք, թե ինչ պատմություն եք ստեղծելու մեր երկրի մասին: Թեման ընտրե՞լ եք:

-Գրելու եմ մարդկանց մասին, որոնց հետ հանդիպել եմ այս անհավանական վայրերում: Կպատմեմ հյուրանոցի աշխատողների, մատուցողների մասին, ովքեր ուրախությամբ էին ինձ դիմավորում: Հայերն աշխահին նայում են բաց աչքերով: Գործս կնվիրվի այստեղի մարդկանց:

-Այսօր Ձեր հայրենիքում մեծ հայկական համայնք կա: Լեհաստանում հայերի հետ երբևէ շփվե՞լ եք:

-Լեհաստանում երբևէ չեմ հանդիպել հայերի: Ես Մայնի Ֆրանկֆուրտում եմ շատ հայերի ճանաչում: Նրանք հատկապես շատ մտերիմ են ռուսական համայնքի հետ, քանի որ ռուսերեն են խոսում: Հայաստանից շատ ընկերներ ունեմ: Նրանք ինձ պատմել են Հայաստանի մասին:

-«Մենությունը ցանցում» գիրքը ճակատագրակա՞ն էր Ձեզ համար: Ի՞նչ եք զգում, երբ Ձեզ հիմնականում հենց այդ գրքով են ճանաչում:

-Ես գրատանն ընթերցողների հետ հանդիպման ժամանակ նշեցի, որ այս գիքը կարծես ճակատիս դաջվածք լինի, և ինչքան գրում եմ, միևնույն է, գրքերիցս և ոչ մեկը չի կարողանում ոչնչացնել այդ դաջվածքը: Այնպես ստացվեց, որ այս գիրքը լույս տեսավ 12 տարի առաջ, և փոխեց կյանքս, որովհետև ես սկսեցի գրքեր գրել: Ես այն գրել եմ մի ծանր շրջանում, երբ ամուսնալուծվում էի կնոջս հետ: Երբ ավարտեցի այս գործը, ընկերներիցս մեկը կարդաց այն և ասաց, որ ես պետք է այն հրատարակեմ, սակայն ես չէի հավատում, որ դա հնարավոր է և այն կկարդան: Լեհաստանում այնպիսի ժամանակաշրջան էր, որ ավելի շատ մարդիկ գրքեր էին գրում, քան կարդում: Ես այն ուղարկեցի 15 հրատարակությունների, որոնցից միայն 2-ը պատասխանեցին, և ամեն ինչ սկսվեց: Կարծում էի, որ սա իմ առաջին և վերջին գիրքը կլինի, սակայն լեհական հրատարակությունը դիմեց ինձ և առաջարկեց շարունակել գրել:

-Եթե չեմ սխալվում, «Մենությունը ցանցում» գրքի հիման վրա 2006 թվականին նկարահանված ֆիլմի նկատմամբ Դուք բացասական վերաբերմունք ունեք:

-Այո, այն ինձ դուր չեկավ, որովհետև ընդահանրապես չարտահայտեց այն բոլոր զգացողությունները, որ առկա էին գրքում: Ես այն չեմ հավանել: Նշեմ, որ ես նույնիսկ անտուն մուրացիկի դեր եմ մարմնավորել այդ ֆիլմում: Սակայն, Սանկտ Պետրբուրգում իմ գրքի հիման վրա շատ լավ պիես էր բեմադրվել, որն ինձ շատ դուր եկավ:

-Նշեցիք, որ հայերեն թարգմանությամբ հաջորդ տարի լույս կտեսնի Ձեր Grand hotel ստեղծագործությունը: Ինչի՞ մասին է Ձեր նոր գիրքը:

-Գիրքը Լեհաստանում լույս կտեսնի 2014 թվականի սկզբին: Grand hotel-ը պատմություն է մի նորաոճ հյուրանոցի մասին, որտեղ այցելում են տարբեր հյուրեր: Այս հյուրանոցը երկար տարիների պատմություն ունի, որովհետև այստեղ են հանգրավանել Ադոլֆ Հիտլերը, Շարլ դը Գոլը, Ֆիդել Կաստրոն և այլ հայտնի գործիչներ: Ես մտնում եմ հյուրանոցի սենյակներով և նկարագրում եմ այստեղ ապրողների կյանքը: Մի սենյակում նստած է գիտնական, մյուսում՝ մարմնավաճառուհի, մեկ այլ սենյակում՝ լքված կին: Ես պատմում եմ նրանց կյանքի պատմությունները: Որոշ պատմական փաստեր էլ ունեմ գրքում:

-Հայաստան կրկին կայցելե՞ք:

-Իհարկե, մեծ սիրով:

Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները՝ «Գրական տապան 2013» փառատոնի,Ասատուր Եսայանց

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին