Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե
5 րոպեի ընթերցում

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Գագիկ Ծառուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կատարելու հոդվածներով, քրեական վարույթի շրջանակներում հուլիսի 21-ին և 22-ին գտնվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, որտեղ կատարվել են քննչական գործողություններ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հուլիսի 21-ին և 22-ին քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին Քննչական կոմիտե, որտեղ նրա մասնակցությամբ անցկացվել են քննչական գործողություններ։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Իրանի քաղաքացու հետ, որի ցուցմունքի հիման վրա էլ հարուցվել է քրեական վարույթը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին։
Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առերեսումը սկսելուց առաջ վարույթը իրականացնող մարմինը որոշել է իրեն հեռացնել վարույթից՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան։ Այսինքն՝ այս վարույթի շրջանակներում Երեմ Սարգսյանը չի կարող լինել Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։
«Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումներից որոշակի հանդիպումների ես ևս ներկա եմ եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և որպես վկա հարցաքննվել»,- ասել է Երեմ Սարգսյանը:
«Արմենպրես»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթին Երեմ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են համապատասխան դատավարական միջոցառումներ, արդյունքների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Համաձայն հարուցված քրեական վարույթի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։
Այնուհետև, հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը՝ դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք: