«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն
20 րոպեի ընթերցում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներդրվել է նոր ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր։ Համակարգը նախատեսված է ընդհանուր վիրաբուժության, ուռուցքաբանության, ուրոլոգիայի և գինեկոլոգիայի ոլորտներում բարձր ճշգրտությամբ ու նվազագույն միջամտությամբ վիրահատություններ իրականացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է բժշկական կենտրոն՝ ծանոթանալու իրականացված բարեփոխումներին, նոր բաժանմունքների աշխատանքին, տեխնիկական վերազինման ընթացքին և բժշկական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին։

Նախարարը շրջել է կենտրոնի նորոգված բաժանմունքներում, ծանոթացել ռոբոտային վիրաբուժական համալիրի հնարավորություններին, հետվիրահատական վերականգնման ընդլայնված ծառայությանը, շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանի աշխատանքին, ինչպես նաև նոր կատետերիզացիոն լաբորատորիային և հիբրիդ վիրահատարանին։

Կենտրոնում ներդրված ռոբոտային համակարգը վիրաբույժին տրամադրում է բարձր հստակության եռաչափ տեսադաշտ և հնարավորություն տալիս վիրահատական գործիքներով աշխատել տարբեր հարթություններում։ Գործիքների շարժունությունը և մինչև 360 աստիճան պտտվելու հնարավորությունը հատկապես կարևոր են մարմնի դժվար հասանելի հատվածներում իրականացվող բարդ միջամտությունների ժամանակ։
Փոքր կտրվածքներով իրականացվող վիրահատությունները հնարավորություն են տալիս նվազեցնել պացիենտի ցավը, արյան կորուստը, վարակման և հետվիրահատական այլ բարդությունների վտանգը։ Դրանք նաև նպաստում են հիվանդանոցում անցկացվող օրերի կրճատմանը և պացիենտի ավելի արագ վերականգնմանը։
Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Հայաստանի պետական ամենամեծ բազմաֆունկցիոնալ հիվանդանոցն է, և նպատակն է կենտրոնի բոլոր ծառայություններում ապահովել տեխնիկական հագեցվածության ու մասնագիտական կարողությունների հնարավորինս բարձր մակարդակ։

«Մեր նպատակն է, որ բոլոր ուղղություններով հասնենք թե՛ հագեցվածության, թե՛ մասնագիտական կարողությունների բարձրագույն ստանդարտի։ Ես ուրախ եմ, որ պետական բժշկական կենտրոնները ևս շատ արագ կերպով մասնակից են դառնում մեր երկրում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Այսօրվա շրջայցի ընթացքում ականատես եղանք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ևս միացել է ռոբոտային վիրաբուժության ծրագրին, և այս առումով սա շատ կարևոր ձեռքբերում է»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ ժամանակակից սարքավորումների ձեռքբերումը պետք է ուղեկցվի նաև մասնագետների կարողությունների զարգացման, բժշկական ծառայությունների վերակազմակերպման և բուժման ամբողջական շղթայի կատարելագործման աշխատանքներով։
«Բացի տեխնոլոգիական զարգացումից, շատ կարևոր է նաև դրան հարակից կարողությունների զարգացումը։ Շրջայցի ընթացքում ծանոթացանք ընդլայնված հետվիրահատական բաժանմունքին, որը նոր սարքավորումներով է հագեցվել։ Տեսանք, որ ընդլայնվել է նաև շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, կենտրոնը գտնվում է անընդհատ վերափոխումների գործընթացում»,- նշեց նախարարը։

Բժշկական կենտրոնում իրականացվող բարեփոխումները, ըստ նրա, միտված են ոչ միայն նոր ծառայություններ ներդնելուն, այլև պացիենտի՝ բուժհաստատություն մուտք գործելու պահից մինչև ապաքինումն ամբողջական և արդյունավետ բուժօգնություն ապահովելուն։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ առողջության ապահովագրության շրջանակում վերանայվել է բժշկական ծառայությունների փաթեթը, և հնարավորություն է ստեղծվել պետական փոխհատուցման մեխանիզմում ներառել նաև ռոբոտային եղանակով իրականացվող վիրահատությունները։
«Սա նշանակում է, որ պետությունը փոխհատուցում է վիրահատության այն արժեքը, որը կփոխհատուցեր սովորական լապարոսկոպիկ մեթոդով վիրահատության դեպքում։ Եթե քաղաքացին ընտրում է ռոբոտային վիրաբուժությունը, ապա այն ևս առողջության ապահովագրության շրջանակում հասանելի է համավճարով»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ պետության քաղաքականությունը վիրաբուժական ծառայություններն առավել խնայող մեթոդներով իրականացնելու հնարավորությունների ընդլայնումն է։
«Մենք շարունակելու ենք մեր վիրաբուժական ծառայությունները դարձնել հնարավորինս խնայող։ Այդ մեթոդներով իրականացվող վիրահատությունները հանգեցնում են հետվիրահատական բարդությունների և հիվանդանոցում անցկացրած օրերի կրճատմանը։ Հետագայում դա բարձրացնում է նաև ծախսարդյունավետությունը։ Սա է մեր քաղաքականությունը։ Մեր երկիրը պետք է համահունչ քայլի ընդհանուր տեխնոլոգիական և բժշկագիտական զարգացմանը, և վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ դա այդպես է»,- ընդգծեց նախարարը։
Ավանեսյանի գնահատմամբ՝ առողջապահական համակարգում պետական և մասնավոր բժշկական հաստատությունների հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն մրցակցային, այլև գործընկերային, քանի որ բոլոր կենտրոնների աշխատանքի առանցքում պացիենտի կյանքն ու առողջությունն են։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնները՝ լինեն պետական, թե մասնավոր, միմյանց հետ ունեն և՛ մրցակցային, և՛ գործընկերային հարաբերություններ։ Առողջապահության ոլորտում հնարավոր չէ միայն մրցակցել։ Այստեղ մարդու կյանքն ու առողջությունն առաջնային են, և մեր բոլոր կենտրոնների աշխատանքը պետք է միասնական կերպով ուղղված լինի պացիենտի շահին։ Սա ամենակարևորն է»,- ասաց նախարարը։
Միաժամանակ, ըստ նրա, առողջ մրցակցությունը բժշկական կենտրոններին խրախուսում է բարձրացնել ծառայությունների որակը, զարգացնել տեխնիկական կարողությունները և քաղաքացիներին ընտրության ավելի լայն հնարավորություն տալ։
«Մենք խրախուսում ենք, որ կենտրոններն իրենց ծառայությունների որակի բարձրացման հարցում նաև մրցեն, իսկ քաղաքացիներն ընտրեն, թե որ բժշկական կենտրոնում են ցանկանում ստանալ ծառայությունը։ Շատ կարևոր է, որ մեր երկրում գործում է հավասար փոխհատուցման մեթոդը։ Պետությունը որևէ տարբերակում չի դնում՝ ծառայությունը ձեռք է բերվում պետական բժշկական կենտրոնից, թե մասնավոր։ Այդ առումով բոլորը հավասար պայմաններում մրցում են ծառայություններ մատուցելու համար»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի առողջապահական համակարգում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել, և զարգացման բարձր տեմպ են արձանագրում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բժշկական կենտրոնները։
«Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում, որ մեր երկրի ընդհանուր առողջապահական դեմքը փոխվում է։ Թե՛ մասնավոր, թե՛ պետական բժշկական կենտրոնները լիարժեք առաջ են շարժվում»,- եզրափակեց նախարարը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Գրիգոր Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ռոբոտային վիրաբուժության ոլորտում երկարամյա փորձ ունի։

Նրա խոսքով՝ ինքը երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում և ռոբոտային վիրաբուժությամբ զբաղվում է 2011 թվականից։ Այն թիմը, որի կազմում աշխատել է վիրաբույժը, արտերկրում ռոբոտային համակարգերի միջոցով իրականացրել է շուրջ 2000 վիրահատություն, որոնցից ավելի քան 500-ը նա կատարել է անձամբ։
Նա Հայաստան է վերադարձել 2023 թվականին և աշխատանքը շարունակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբուժության բաժանմունքի ղեկավար և վիրաբուժության գծով փոխտնօրեն։
Պապոյանի խոսքով՝ կենտրոնի մասնագետները դեռևս 2023 թվականից տարբեր մասնագիտական համաժողովների ժամանակ բարձրացրել են Հայաստանում ռոբոտային վիրաբուժության ներդրման անհրաժեշտության հարցը։
«Երկարատև ջանքերի շնորհիվ կարողացանք հասնել այս արդյունքին։ 2023 թվականից սկսած՝ մեր վիրաբուժական կոնգրեսների ընթացքում խոսել ենք ռոբոտային համակարգերի արդիականության և մեր երկրի համար դրանց կարևորության մասին։ Այս տարի մեր երկիրը համալրվեց չորս ռոբոտային համակարգով։ Մեր կլինիկան նույնպես համալրվեց ռոբոտային համակարգով, որը համարում ենք լավագույններից մեկը»,- նշեց վիրաբույժը։
Նոր համալիրի միջոցով հնարավոր է իրականացնել տարբեր ծավալի վիրահատություններ՝ ընդհանուր վիրաբուժության, ուռուցքաբանության, ուրոլոգիայի և գինեկոլոգիայի ոլորտներում։
«Համակարգը լիարժեք ապահովում է այն բոլոր գործողությունները, որոնք մեզ անհրաժեշտ են վիրաբուժության, ուռուցքաբանության, ուրոլոգիայի և գինեկոլոգիայի ոլորտներում։ Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն կատարել ենք 17 վիրահատություն։ Դրանք բարդագույն վիրահատություններ են, որոնք նախկինում կատարում էինք լապարոսկոպիկ եղանակով։ Որոշ պաթոլոգիաների դեպքում ռոբոտային համակարգերը շատ մեծ առավելություններ ունեն և ամբողջությամբ համապատասխանում են մեր պահանջներին»,- ասաց Պապոյանը։
Վիրաբույժը վստահեցրեց, որ կենտրոնի տեխնիկական հնարավորությունները և մասնագետների փորձը թույլ են տալիս ռոբոտային վիրահատությունները համաշխարհային չափանիշներին համապատասխան իրականացնել Հայաստանում։
«Լիարժեք կարող եմ ասել, որ մեր քաղաքացիներն այլևս արտերկիր մեկնելու և այնտեղ ռոբոտային համակարգերի օգնությամբ վիրահատվելու կարիք չունեն։ Նրանք կարող են ամբողջությամբ սպասարկվել մեր երկրում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Մեր ծառայությունը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ռոբոտային վիրաբուժության հիմնական առավելություններին՝ Պապոյանն առանձնացրեց եռաչափ տեսողությունը, որն ապահովում է վիրահատական դաշտի առավել մանրամասն պատկեր։
«Ամենակարևոր առավելությունն այն է, որ ռոբոտային համակարգի օգնությամբ ունենք 3D տեսողություն։ Այն թույլ է տալիս շատ ավելի լավ տեսնել վիրահատական դաշտը, գնահատել անոթները և նյարդային ուղիները։ Դրա շնորհիվ օրգանապահպան վիրահատությունների տոկոսը շատ ավելի բարձր է»,- ասաց վիրաբույժը։
Նրա խոսքով՝ բարձր հստակության տեսադաշտը մեծ նշանակություն ունի նաև ուռուցքաբանական վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտ է հստակ տարբերակել ուռուցքի սահմանները և հեռացնել առաջնային ավշային հանգույցներն ու լիմֆատիկ ուղիները։
«Ուռուցքային վիրահատությունների ժամանակ լիմֆոդիսեկցիան` ուռուցքի տարածման առաջնային օղակում գտնվող լիմֆատիկ հանգույցների և դրանց ուղիների հեռացումը, շատ ավելի որակյալ է իրականացվում։ Դա հնարավոր է համակարգի ապահոված տեսողության, ինչպես նաև ռոբոտի փոքր գործիքների շնորհիվ, որոնք 360 աստիճան պտտվելու հնարավորություն ունեն»,- մանրամասնեց Պապոյանը։
Ի տարբերություն սովորական լապարոսկոպիկ գործիքների՝ ռոբոտային համակարգի գործիքները կարող են շարժվել տարբեր ուղղություններով և վիրաբույժին հասանելի դարձնել մարմնի այն հատվածները, որոնցում սովորական մեթոդով աշխատելը դժվար է։
«Մենք հնարավորություն ունենք գործիքներով աշխատել ցանկացած հարթության մեջ և ցանկացած ուղղությամբ։ Սա շատ կարևոր առավելություն է։ Համակարգը վիրաբույժի համար հասանելի է դարձնում այն հատվածները, որոնց հասնելն այլ գործիքներով շատ ավելի դժվար է»,- նշեց նա։
Ռոբոտային համակարգը, ըստ վիրաբույժի, առանձնահատուկ նշանակություն ունի ուղիղ աղիքի ցածր տեղակայված ուռուցքների դեպքում, երբ վիրահատությունը պետք է իրականացվի փոքր կոնքի սահմանափակ տարածքում։
«Ռոբոտային համակարգի առավելությունը շատ կարևոր է ուղիղ աղիքի ցածր տեղակայված ուռուցքների դեպքում։ Երբ աշխատում ենք փոքր կոնքի խոռոչում, և ուռուցքը հետանցքից շատ փոքր հեռավորության վրա է գտնվում, այս համակարգը մեզ թույլ է տալիս կատարել օրգանապահպան վիրահատություն»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ համակարգի գործիքների շարժունության շնորհիվ հնարավոր է իրականացնել աղիքի բարդ միացումներ՝ պահպանելով պացիենտի բնականոն ֆունկցիաները։
«Մենք կարողանում ենք կատարել աղիքի միացում նույնիսկ շատ ցածր տեղակայման դեպքում, երբ այլ եղանակով դա հնարավոր չէ կամ չափազանց դժվար է։ Դրա արդյունքում հնարավոր է, որ պացիենտը հետագայում բնական ճանապարհով կարգավորի իր ֆիզիոլոգիական պահանջները»,- բացատրեց վիրաբույժը։
Պապոյանի խոսքով՝ ռոբոտային համակարգերը լայնորեն կիրառվում են նաև ուրոլոգիական վիրահատությունների ժամանակ, հատկապես շագանակագեղձի ուռուցքների բուժման դեպքում։
«Ուրոլոգիայի բնագավառում՝ շագանակագեղձի ուռուցքների դեպքում, ռոբոտային վիրաբուժությունը համարվում է ոսկե ստանդարտ։ Համակարգը շատ է հեշտացնում վիրահատությունը և առավելագույնի հասցնում նյարդապահպան միջամտությունների հնարավորությունը»,- ասաց նա։
Վիրաբույժի խոսքով՝ բարձր հստակության պատկերն օգնում է տարբերակել վիրահատվող օրգանի հարակից նյարդերն ու անոթները, իսկ գործիքների շարժունությունը թույլ է տալիս ավելի ճշգրիտ աշխատանք կատարել՝ նվազեցնելով առողջ հյուսվածքների վնասման հավանականությունը։
«Այդ առավելությունն ապահովվում է և՛ վիզուալիզացիայի, և՛ գործիքների շարժունության շնորհիվ։ 360 աստիճան պտտվող գործիքներով հնարավոր է վիրաբույժի համար հասանելի դարձնել գրեթե ցանկացած հատված»,- նշեց Պապոյանը։
Առողջապահության նախարարը ծանոթացել է նաև կենտրոնում ստեղծված նոր կատետերիզացիոն լաբորատորիայի աշխատանքին, որտեղ էնդովասկուլյար եղանակով բուժվում են գլխուղեղի և ողնուղեղի անոթային պաթոլոգիաները։
Ցերեբրովասկուլյար նեյրովիրաբուժության ծառայության ընդհանուր և էնդովասկուլյար նեյրովիրաբույժ Վահագ Ալեքսանյանը նշեց, որ նոր սարքավորումները հնարավորություն են տալիս նույն վիրահատարանում իրականացնել ոչ միայն անգիոգրաֆիկ միջամտություն, այլև անհրաժեշտության դեպքում ստանալ ԿՏ և եռաչափ պատկերներ։

«Մենք գտնվում ենք վիրահատարանում, որը նաև կատետերիզացիոն լաբորատորիա է։ Այստեղ էնդովասկուլյար եղանակով իրականացնում ենք վիրահատություններ գլխուղեղի և ողնուղեղի անոթային պաթոլոգիաների դեպքում։ Վիրահատարանը նոր է, սարքը նույնպես նոր է»,- ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ժամանակակից սարքավորումը թույլ է տալիս վիրահատության ընթացքում ստանալ լրացուցիչ պատկերներ և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես ճշգրտել միջամտության ընթացքը։
«Սարքը մեզ հնարավորություն է տալիս վիրահատության ժամանակ ոչ միայն անգիոգրաֆիկ եղանակով իրականացնել միջամտությունը, այլև, եթե դրա անհրաժեշտությունը կա, կատարել ԿՏ հետազոտություն և ստանալ 3D պատկերներ։ Դրա շնորհիվ վիրահատությունները դառնում են ավելի անվտանգ և արդյունավետ»,- նշեց նեյրովիրաբույժը։
Նախկինում վիրահատության ընթացքում ԿՏ հետազոտության անհրաժեշտության դեպքում պացիենտին պետք էր տեղափոխել այլ բաժանմունք, ինչը լրացուցիչ ժամանակ էր պահանջում և որոշակի ռիսկեր առաջացնում։ Նոր լաբորատորիայում հետազոտությունը կատարվում է նույն վիրահատարանում։
«Վիրահատության ժամանակ երբեմն հարցեր են առաջանում, և անհրաժեշտ է լինում հասկանալ՝ որևէ խնդիր ունե՞նք, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է վիրահատությունից անմիջապես հետո արդյունքը գնահատելուն։ Նոր սարքի շնորհիվ խնայվում է ԿՏ հետազոտության համար հիվանդին տեղափոխելու ժամանակը։ ԿՏ-ն արագ կատարվում է հենց այստեղ, և վիրահատության ընթացքը շարունակվում է»,- ասաց Ալեքսանյանը։
Եռաչափ պատկերները, ըստ նրա, նաև օգնում են ավելի հստակ հայտնաբերել վիրահատական միջամտության թիրախը և առավել ճշգրիտ իրականացնել բուժումը։
«3D-ն հնարավորությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ գտնել և իրականացնել միջամտության թիրախ հանդիսացող խնդրի լուծումը»,- հավելեց նա։
Բժշկական կենտրոնում գործարկվել է նաև հիբրիդ վիրահատարան, որտեղ հնարավոր է համատեղել բաց և էնդովասկուլյար վիրահատությունների հնարավորությունները։
Վահագ Ալեքսանյանի խոսքով՝ գլխուղեղի անոթային որոշ պաթոլոգիաների դեպքում բաց վիրահատության ընթացքում անհրաժեշտ է լինում անգիոգրաֆիկ պատկերների միջոցով ստուգել կատարված միջամտության արդյունքը։
«Ունենք նաև նորաբաց հիբրիդ վիրահատարան։ Գլխուղեղի և անոթների պաթոլոգիաների դեպքում իրականացնում ենք բաց վիրահատություններ, որոնց ընթացքում հաճախ անհրաժեշտ է լինում զարկերակային ճանապարհով ստանալ պատկերներ և հասկանալ՝ խնդիրը ամբողջությամբ վերացվա՞ծ է, անևրիզման ամբողջությամբ փակվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց նեյրովիրաբույժը։
Հիբրիդ վիրահատարանում տեղադրված ռենտգենային համակարգը թույլ է տալիս բաց վիրահատության ընթացքում ստանալ նույնատիպ պատկերներ, ինչ կատետերիզացիոն լաբորատորիայում։
«Այդ հնարավորությունը մեզ տալիս է հիբրիդ վիրահատարանը։ Ռենտգեն սարքի միջոցով կարողանում ենք բաց վիրահատության ընթացքում ստանալ այնպիսի պատկերներ, ինչպիսիք ստանում ենք անգիոգրաֆիկ սարքով։ Դա թույլ է տալիս միջամտությունն իրականացնել ավելի արդյունավետ։ Նույն տեղում հնարավոր է կազմակերպել նաև փակ՝ էնդովասկուլյար վիրահատություն»,- նշեց Ալեքսանյանը։
Առողջապահության նախարարությունից ընդգծում են, որ շարունակվելու է հանրապետության բժշկական հաստատությունների տեխնիկական արդիականացման, մասնագիտական կարողությունների զարգացման և բուժօգնության որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը։
