Չինաստան

Ճեծյան. ինչպես է Չինաստանը միավորում տեխնոլոգիան, կրթությունն ու առևտուրը մեկ համակարգում

16 րոպեի ընթերցում

Ճեծյան. ինչպես է Չինաստանը միավորում տեխնոլոգիան, կրթությունն ու առևտուրը մեկ համակարգում

Չինաստանում անցկացվող կարևորագույն քաղաքական իրադարձության՝ «Երկու նստաշրջանների» օրերին, միջազգային մեդիա ծրագրի շրջանակում հնարավորություն ընձեռվեց այցելել Ճեցզյան նահանգ։ Այցը կազմակերպվել էր Չինաստանի մամուլի հետ հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) կողմից և համախմբել էր շուրջ 50 լրագրողների՝ աշխարհի տարբեր երկրներից։

Չինաստանի արևելյան ափին գտնվող Ճեծյանը համարվում է երկրի ամենազարգացած և ամենադինամիկ նահանգներից մեկը։ Հանչժոու մայրաքաղաքով հայտնի այս տարածաշրջանը վաղուց արդեն միայն վարչական միավոր չէ․ այն Չինաստանի տնտեսական աճի, տեխնոլոգիական առաջընթացի, մասնավոր ձեռնարկատիրության և գլոբալ առևտրի կարևոր կենտրոններից է։

Մի քանի օրերի ընթացքում՝ Հանչժոուից մինչև Ճուցզի և Իու, այցը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալու նահանգի զարգացման տարբեր ուղղություններին՝ ժամանակակից բժշկական հաստատություններից և տեխնոլոգիական ընկերություններից մինչև համալսարաններ, գյուղական զարգացման ծրագրեր և միջազգային առևտրի խոշոր հարթակներ։

Ճեծյանը հաճախ ներկայացվում է որպես ժամանակակից Չինաստանի զարգացման յուրօրինակ մոդել, որտեղ համադրվում են նորարարությունը, թվային տնտեսությունը, արդյունաբերությունը, գիտությունը և կառավարման տարբեր մեխանիզմներ։ Այցը հնարավորություն տվեց այդ ամենը դիտարկել ոչ թե ընդհանուր գնահատականների, այլ անմիջական փորձի և դիտարկումների միջոցով։

Բժշկություն և տեխնոլոգիա՝ մեկ համակարգում

Հանչժոու հասնելուց հետո մեր առաջին կանգառը Ճեծյան հիվանդանոցն էր (The Second Affiliated Hospital, Zhejiang University School of Medicine)։

Այն հիմնադրվել է դեռևս 1869 թվականին՝ որպես փոքր կլինիկա՝ ընդամենը 16 մահճակալով։ Սկզբում հայտնի էր որպես «Կվան Չի» կամ «Բրիտանական հիվանդանոց» և արևմտյան բժշկության առաջին կենտրոններից մեկն էր Ճեծյանում։

Ժամանակի ընթացքում այն դարձավ նաև կրթական հարթակ՝ այստեղ ձևավորվեց նահանգի առաջին բժշկական դպրոցը։ Հիվանդանոցն անցել է պատերազմների և քաղաքական ցնցումների միջով՝ բուժելով վիրավոր զինվորներին և դառնալով ապաստան հազարավոր մարդկանց համար։

1952 թվականից հետո հիվանդանոցը պետականացվեց և դարձավ Ճեծյան բժշկական կրթական համակարգի մաս, ինչից հետո սկսվեց արագ զարգացում։ Այստեղ ստեղծվեցին նոր մասնագիտացված բաժանմունքներ, իրականացվեցին բարդ վիրահատություններ, և այն աստիճանաբար դարձավ բժշկական առաջատար կենտրոն։

1980-ականներից սկսած՝ հիվանդանոցը զգալիորեն ընդլայնվեց, ներդրվեցին նոր տեխնոլոգիաներ, և այն ստացավ Չինաստանի բարձրագույն կարգի բժշկական հաստատության կարգավիճակ։

Այստեղ ներդրվեցին նորագույն տեխնոլոգիաներ՝ ներառյալ առաջին CT սկաները նահանգում, ստեղծվեցին որակի վերահսկման համակարգեր, և այն դարձավ Չինաստանում առաջիններից մեկը, որը ստացավ բարձրագույն՝ «A կարգի» հիվանդանոցի կարգավիճակ։

Այսօր այն բազմամասնաճյուղ համակարգ է՝ մի քանի մասնաշենքերով Հանչժոուում։ Մեր այցելած Բինցզյան մասնաշենքը ժամանակակից բժշկության ամբողջական օրինակ է՝ զարգացած ենթակառուցվածքներով և լայն ծառայություններով։

Ռոբոտներ, որոնք արդեն գործում են իրական աշխարհում

Հիվանդանոցից հետո մեր հաջորդ կանգառը բոլորովին այլ միջավայրում էր՝ Unitree Robotics ընկերությունում։

Եթե նախորդ այցը ցույց էր տալիս, թե ինչպես են տեխնոլոգիաները ներթափանցում առողջապահական համակարգ, ապա այստեղ արդեն տեսանելի էր դրանց կիրառումը արդյունաբերության և ինժեներական ոլորտում։

Հանչժոուում հիմնված այս ընկերությունը ստեղծվել է 2016 թվականին և ընդամենը մի քանի տարվա ընթացքում դարձել է ռոբոտատեխնիկայի ոլորտում արագ զարգացող խաղացողներից մեկը։ Այն հատկապես հայտնի է իր չորսոտանի ռոբոտներով, որոնք հաճախ համեմատվում են աշխարհում առաջատար նմանատիպ մոդելների հետ։

Տեղում ներկայացված ռոբոտները արդեն այն մակարդակում էին, որտեղ դրանք պարզապես ինժեներական ցուցադրություն չեն։ Դրանք բնական շարժվում էին, հարմարվում տարբեր մակերեսների և կարող էին կատարել բարդ գործողություններ։

Սա հատկապես ընդգծում էր մի կարևոր միտք․ ռոբոտատեխնիկան այստեղ դուրս է եկել փորձարարական փուլից և աստիճանաբար դառնում է կիրառական գործիք։

Վերջին տարիներին ընկերությունը սկսել է զարգացնել նաև մարդանման ռոբոտներ՝ փորձելով ընդլայնել իր տեխնոլոգիական հնարավորությունները և կիրառման ոլորտները։

Միևնույն ժամանակ, այս տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները բազմաշերտ են՝ սկսած արդյունաբերությունից և լոգիստիկայից մինչև անվտանգություն և արտակարգ իրավիճակների կառավարում։

Այցը Unitree Robotics ավելի հստակ ցույց տվեց, թե ինչ արագությամբ են զարգանում տեխնոլոգիական ընկերությունները Չինաստանում և ինչ դեր ունի մասնավոր սեկտորը այս գործընթացում։

Գիտելիքը՝ որպես զարգացման հիմք

Հաջորդ օրը այցը շարունակվեց Ճեծյան համալսարանում՝ նահանգի ամենակարևոր կրթական և գիտական կենտրոններից մեկում։ Մեր կանգառը համալսարանի գլխավոր՝ Ցիձյանգանգ մասնաշենքն էր, որը ոչ միայն կրթական տարածք է, այլև ամբողջությամբ ձևավորված գիտական միջավայր։

Հանչժոուի արևմտյան հատվածում գտնվող այս մասնաշենքը համարվում է մայրցամաքային Չինաստանի ամենամեծ համալսարանական համալիրներից մեկը։ Տարածքը կառուցված է այնպես, որ միավորի ուսուցումը, հետազոտությունը և առօրյա կյանքը՝ մեկ ամբողջական համակարգի մեջ։

Առաջին տպավորությունը հենց մասշտաբն էր։ Լայն տարածքներ, ժամանակակից շենքեր, ջրային տարածքներ և կանաչ գոտիներ՝ ամեն ինչ ստեղծում էր ոչ միայն կրթական, այլ նաև մտածելու և աշխատելու համար նախատեսված միջավայր։ Տարածքը կազմակերպված է ըստ ֆունկցիոնալ հատվածների՝ ուսումնական, հետազոտական և բնակելի, որոնք միացված են ընդհանուր ենթակառուցվածքով։

Միևնույն ժամանակ, ակնհայտ էր, որ այստեղ կրթությունը փակ համակարգ չէ։ Համալսարանը սերտորեն կապված է գիտության, տեխնոլոգիայի և պետական քաղաքականության ձևավորման գործընթացների հետ։

Այցի ընթացքում անցկացվեց նաև դասախոսություն, որտեղ ներկայացվեց, թե ինչպես է Ճեծյանն իրականացնում Գլոբալ զարգացման նախաձեռնությունը՝ հատկապես թվային կապակցվածության տեսանկյունից։ Սա արդեն ավելի հստակ պատկեր տվեց, որ կրթությունը այստեղ դիտարկվում է ոչ միայն որպես գիտելիքի փոխանցում, այլ որպես ռազմավարական գործիք։

Համալսարանը ցույց տվեց մի կարևոր բան․ Ճեծյանի զարգացման հիմքում միայն տեխնոլոգիան կամ արդյունաբերությունը չեն, այլ նաև այն կրթական համակարգը, որը պատրաստում է այդ զարգացումը իրականացնող մասնագետներին։

Թվային աշխարհը՝ մարդու տեսադաշտում

Համալսարանական միջավայրից հետո հաջորդ կանգառը մեզ տեղափոխեց արդեն տեխնոլոգիական ընկերություն՝ Rokid, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է թվային աշխարհը աստիճանաբար տեղափոխվում մարդու անմիջական տեսադաշտ։

2014 թվականին հիմնադրված ընկերությունը սկզբում զբաղվում էր արհեստական բանականությամբ, սակայն շատ արագ կենտրոնացավ ավելի համարձակ ուղղության՝ իրական և թվային աշխարհների միավորման վրա։ Նրանց գաղափարը պարզ էր, բայց միևնույն ժամանակ նորարարական․ եթե մարդիկ մշտապես օգտագործում են էկրաններ, ինչո՞ւ դրանք չտեղափոխել հենց տեսադաշտ։

Այս մոտեցումը կյանքի կոչվեց ընդլայնված իրականության ակնոցների (AR glass)  միջոցով։

Առաջին հայացքից սարքերը հիշեցնում էին սովորական արևային ակնոցներ, սակայն օգտագործման պահին ամբողջ պատկերացումը փոխվում էր։ Տեսադաշտում հայտնվում էր մեծ վիրտուալ էկրան, որը կարող էր օգտագործվել ինչպես աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար՝ առանց արտաքին միջավայրից ամբողջությամբ կտրվելու։

Հատկանշական էր, որ այս տեխնոլոգիաներն արդեն դուրս են եկել փորձարարական փուլից։ Դրանք նախատեսված են ոչ միայն անհատական օգտագործման, այլ նաև մասնագիտական ոլորտների համար՝ լոգիստիկայից մինչև արտադրություն։ Ակնոցների միջոցով հնարավոր է ստանալ տվյալներ, ցուցումներ և հաղորդակցվել՝ անմիջապես աշխատանքի ընթացքում։

Միևնույն ժամանակ, Rokid-ի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ընկերությունը շարժվում է դեպի ավելի խելացի համակարգեր՝ արհեստական բանականության ինտեգրմամբ, որտեղ սարքերը ոչ միայն ցուցադրում են տեղեկատվություն, այլ նաև «հասկանում» են շրջակա միջավայրը։

Չնայած տեխնոլոգիան դեռ լիովին չի հասել գիտաֆանտաստիկ ֆիլմերում ցուցադրվող մակարդակին՝ ակնհայտ է մի բան․ փոխվում է այն ձևը, թե ինչպես են մարդիկ շփվում տեխնոլոգիայի հետ։

Ապագայի քաղաքը՝ որպես իրականություն

Rokid-ից հետո մենք հայտնվեցինք արդեն այլ մակարդակում՝ որտեղ խոսքը ոչ թե առանձին տեխնոլոգիաների, այլ ապագայի քաղաքի ամբողջական պատկերացման մասին էր։ Այցը շարունակվեց Հանչժոուի «Future Sci-Tech City» ցուցահանդեսային կենտրոնում (Hangzhou Future Sci-Tech City Urban Exhibition Center)։

Հանչժոուի արևմտյան հատվածում գտնվող այս կենտրոնն առաջին հայացքից պարզապես ցուցասրահ է, սակայն իրականում այն շատ ավելին է՝ ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչպիսին է լինելու քաղաքային կյանքը առաջիկա տարիներին։

Մեծ էկրանները, ինտերակտիվ մոդելները և թվային ներկայացումները միավորվում էին մեկ գաղափարի շուրջ՝ ինչպես կարելի է վերաիմաստավորել քաղաքը՝ դարձնելով այն ավելի խելացի, արագ և կապակցված։

Կենտրոնը ներկայացնում է Future Sci-Tech City-ն՝ լայնածավալ նախագիծ, որը մեկնարկել է 2011 թվականին և այսօր արդեն դարձել է տեխնոլոգիական ընկերությունների և նորարարական լուծումների կենտրոններից մեկը։ Այստեղ տեղակայված են հազարավոր ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական հսկաներ։

Սակայն այս տարածքում ամենակարևորը ոչ թե առանձին նախագծերն են, այլ դրանց միջև կապը։ Ցուցադրվում էր, թե ինչպես են արհեստական բանականությունը և խելացի ենթակառուցվածքները միավորվում՝ ձևավորելով նոր տեսակի քաղաքային միջավայր։

Տրանսպորտային համակարգերից մինչև բնակելի թաղամասեր՝ ամեն ինչ ներկայացված էր այնպես, կարծես դրանք արդեն գոյություն ունեն։ Եվ իրականում այդպես էլ կա․ ներկայացվածի զգալի մասն արդեն իրականացված է կամ գտնվում է ակտիվ զարգացման փուլում։

Սա հստակ ուղերձ է՝ ինչպես է Չինաստանը պատկերացնում իր քաղաքների ապագան և ինչպես է այդ տեսլականը վերածվում իրականության։

Գյուղից դեպի գլոբալ շուկա

Քաղաքային և տեխնոլոգիական միջավայրից հետո այցը շարունակվեց Ճեծյանի մեկ այլ իրականության մեջ՝ Շանսյահուի շրջանում գտնվող Սինչանլե գյուղում, որտեղ ներկայացվում էր մարգարիտների արտադրությունը։

Առաջին հայացքից սա պարզապես գյուղական տնտեսություն էր, սակայն շատ արագ պարզ դարձավ՝ խոսքը գլոբալ նշանակության արդյունաբերության մասին է։

Շանսյահուն Չինաստանում հայտնի է որպես «մարգարիտների մայրաքաղաք»։ Այստեղ ձևավորվել է ամբողջական համակարգ՝ սկսած մարգարիտների աճեցումից մինչև դրանց մշակում, վաճառք և արտահանում։

Մարգարիտների արտադրությունը այստեղ երկար ճանապարհ է անցնում։ Այն սկսվում է ջրային տնտեսություններից, որտեղ խեցեմորթների ներսում տարիների ընթացքում ձևավորվում են մարգարիտները։ Այնուհետև դրանք հավաքվում են, դասակարգվում ըստ չափի, գույնի և որակի և անցնում մշակման փուլ։

Այն, ինչ առանձնացնում է այս համակարգը, դրա մասշտաբն է։ Ճուցզի քաղաքը, որի մաս է կազմում այս տարածքը, ապահովում է Չինաստանի քաղցրահամ ջրի մարգարիտների շուրջ 80 տոկոսը։

Սակայն այս պատմությունը միայն գյուղատնտեսության մասին չէ։ Այն շարունակվում է հաջորդ կանգառում՝ Չինաստանի մարգարիտների և ոսկերչական իրերի միջազգային կենտրոնում։

Այստեղ արդեն տեսանելի է ամբողջ շղթայի վերջնական փուլը։ Եթե գյուղում մարգարիտները ստեղծվում են, ապա այստեղ դրանք դառնում են ապրանք՝ պատրաստ միջազգային շուկայի համար։

Այս կենտրոնը համարվում է աշխարհի խոշորագույն մարգարիտների առևտրի հարթակներից մեկը, որտեղ կենտրոնացած են արտադրությունը, մշակումը, լոգիստիկան և վաճառքը։

Այստեղից մարգարիտները ուղարկվում են տասնյակ երկրներ՝ ձևավորելով գլոբալ առևտրային ցանց։

Այս երկու կանգառները միասին ցույց տվեցին մի կարևոր օրինաչափություն․ Ճեծյանում նույնիսկ գյուղական արտադրությունը մեկուսացված չէ։ Այն անմիջապես միացված է համաշխարհային շուկային։

Գյուղից սկսվող գործընթացը ավարտվում է միջազգային առևտրով՝ ստեղծելով ամբողջական շղթա, որտեղ տեղական արտադրությունը դառնում է գլոբալ արդյունք։

Իու՝ քաղաք, որտեղ երբեք չի դադարում առևտուրը

Մեր հաջորդ կանգառը Իու քաղաքն էր՝ մի վայր, որտեղ գտնվում է աշխարհի ամենակարևոր առևտրային կենտրոններից մեկը, որը պարզապես շուկա չէ, այլ աշխարհում մանր ապրանքների ամենամեծ հարթակներից մեկն է։ Տասնյակ հազարավոր տաղավարներ, անվերջանալի միջանցքներ և ապրանքների գրեթե անսահման ընտրություն՝ խաղալիքներից մինչև էլեկտրոնիկա։

Ավելի քան 200 երկրներից ժամանած մարդիկ քայլում են նույն տարածքում, բանակցում, ընտրում ապրանքներ և կառուցում գլոբալ մատակարարման շղթաներ։ Այստեղ գլոբալիզացիան դառնում է տեսանելի։

Իուի առանձնահատկությունն այն է, որ այն ձևավորվել է ոչ թե խոշոր արդյունաբերական ռեսուրսների հաշվին, այլ առևտրի շուրջ։ Պատմականորեն սահմանափակ բնական պայմանները ստիպել են բնակիչներին կենտրոնանալ առևտրի վրա, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվել է ամբողջ քաղաքը ձևավորող հիմնական ուժի։

Այսօր Իուն արդեն դուրս է եկել ավանդական շուկայի սահմաններից։ Այն դարձել է գլոբալ առևտրի կենտրոն, որտեղ ֆիզիկական շուկան և թվային հարթակները փոխլրացնում են միմյանց՝ ստեղծելով նոր մոդել։

Քաղաքում ձևավորվել է նաև բազմամշակութային միջավայր։ Տարբեր երկրներից եկած գործարարներ այստեղ ոչ միայն աշխատում են, այլ նաև ապրում՝ ձևավորելով յուրահատուկ միջազգային համայնք։

Ճեծյանում անցկացրած այս մի քանի օրերը ցույց տվեցին, որ այստեղ զարգացումը չի սահմանափակվում առանձին ոլորտներով։ Տեխնոլոգիան, կրթությունը, առողջապահությունը, տեղական կառավարումը և առևտուրը գործում են որպես մեկ ամբողջական համակարգ։

Հանչժոուում ապագան ներկայացվում էր տեխնոլոգիաների միջոցով, համալսարանում՝ գիտելիքի, գյուղական հատվածում՝ կառավարման մեխանիզմների, իսկ Իուում՝ գլոբալ առևտրի կենդանի օրինակով։

Յուրաքանչյուր կանգառ լրացնում էր մյուսին՝ ստեղծելով մեկ ընդհանուր պատկեր․ զարգացումը այստեղ հետևողական և երկարաժամկետ մտածված գործընթաց է։

Միևնույն ժամանակ, ակնհայտ էր, որ Ճեծյանը ոչ միայն արձագանքում է համաշխարհային միտումներին, այլ նաև ակտիվորեն մասնակցում դրանց ձևավորմանը։ Այս այցը հնարավորություն տվեց տեսնել այդ մոդելի գործնական կիրառումը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում