Միացյալ Նահանգներ

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

3 րոպեի ընթերցում

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է կազմակերպել։ Երկու ղեկավարներն իրենց ելույթներում խոսել են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն շուրջ մեկ տասնամյակի ընթացքում։

Սի Ծինփինը Թրամփի հետ հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների փոխայցերի վրա (խմբ.՝ Թրամփը Չինաստան էր այցելել մայիսին)՝ նշելով, որ այսքան կարճ ժամանակում տեղի ունեցած հանդիպումներն «աննախադեպ» են երկրների երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում։

Սի Ծինփինը նաև Թրամփի հետ քննարկել է Թայվանի խնդիրը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն «Թայվանի հարցին կվերաբերվի խոհեմությամբ»։ Ըստ չինական պետական լրատվական գործակալության՝ Սի Ծինփինը «հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը «Թայվանի անկախությանը» դեմ լինելու ճիշտ դիրքորոշումը կորդեգրի»։

Նա նաև նշել է, որ չնայած Պեկինը և Վաշինգտոնը մրցակցում են արհեստական բանականության ոլորտում, սակայն համագործակցության շրջանակն ավելի լայն է։ Սի Ծինփինի խոսքով՝ կողմերը պետք է համատեղ վերահսկեն ԱԲ-ի չարաշահումը։

Թրամփն իր հերթին ընդգծել է երկկողմ առևտրի մեխանիզմի ներքո առաջընթացը՝ նշելով, որ ամերիկացի ֆերմերներն ավելի լայն մուտք կունենան չինական շուկա։

Հանդիպումից հետո պետական ընթրիքի ժամանակ Թրամփն իր չինացի գործընկերոջը նվիրել է սպիտակագլուխ ծովարծվի արձան, որը Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշն է։

Սի Ծինփինն ընթրիքին իր ելույթում ընդգծել է ամերիկյան 250-ամյա պատմության ընթացքում ԱՄՆ-Չինաստան համագործակցության ուշագրավ պահերը։ Նա կոչ է արել, որ Չինաստանը և ԱՄՆ-ն «նոր մոտեցում» որդեգրեն և գործեն որպես պատասխանատու համաշխարհային տերություններ փոփոխվող աշխարհում։

Ընթրիքին հրավիրվածների ցուցակը, բացի ԱՄՆ վարչակազմի անդամներից, դիվանագետներից և պաշտոնյաներից, ընդգրկել է նաև ԱՄՆ տեխնոլոգիական հսկաների ղեկավարներին, այդ թվում՝ Nvidia-ի Ջենսեն Հուանգին, Tesla-ի Իլոն Մասկին, OpenAI-ի Սեմ Ալթմանին, Meta-ի Մարկ Ցուկերբերգին, Apple-ի Թիմ Քուքին և այլոց։

Թրամփը Սի Ծինփինին և ընթրիքի հյուրերին հրավիրել է Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահի շինարարությունը դիտելու։

Սի Ծինփինն ԱՄՆ իր պետական այցի ավարտին նաև պետք է Թրամփի հետ այցելի ԱՄՆ ազգային արխիվ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում