Հայաստան

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ Հայաստանի փորձն ու բարեփոխումների հետևողական իրականացումը երկրի առողջապահական համակարգին առանձնահատուկ տեղ են տալիս  միջազգային առողջապահական քարտեզում։ 

Նա նշեց, որ  համակարգի ներդրման առաջին ամիսներին բուժաշխատողների համար նոր կարգը որոշակիորեն անսովոր էր, և ժամանակ էր պահանջվել, որպեսզի նրանք ամբողջությամբ հարմարվեին ապահովագրական համակարգի պահանջներին և պատշաճ կերպով գրանցեին մատուցված ծառայությունները։

«Այս պահին արդեն աշխատավարձերի մասով բավարար աճ ենք արձանագրում։ Միայն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձերը միջինում աճել են 30-40 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսոի ժամանակ նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ կան նաև առանձին ամբուլատորիաներ, որոնք նախկինում կուտակված ֆինանսական պարտավորությունների պատճառով դեռևս բախվում են որոշակի դժվարությունների։

«Համակարգն անցել է արդյունքային վարձատրության սկզբունքին, այսինքն` մասնագետի վարձատրությունն անմիջականորեն կախված է նրա կողմից սպասարկված պացիենտների թվից։ Եթե նեղ մասնագետը օրվա ընթացքում պացիենտների չի սպասարկում, դա կազդի նրա աշխատավարձի վրա։ Միաժամանակ ունենք բարձր ծանրաբեռնվածությամբ մասնագետներ, որոնց վարձատրությունը մի քանի անգամ աճել է։ Կան նաև պոլիկլինիկական օղակի մասնագետներ, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը»,- ասաց նա։  

Անդրադառնալով հերթագրմանը՝ նախարարը նշեց, որ առաջնային բուժօգնության օղակում մասնագետի մոտ ընդունելության միջին սպասման ժամկետը կազմում է շուրջ երկու շաբաթ։

«Կան առավել պահանջված մասնագետներ, որոնց դեպքում սպասման ժամանակը կարող է ավելի երկար լինել, սակայն միջին հաշվով երկու շաբաթը շատ լավ ցուցանիշ է»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ հրատապ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են անմիջապես դիմել հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության ծառայություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում