3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բահար» պարսկերեն օրաթերթի սեպտեմբերի 11-ի համարում լույս է տեսել իրանահայ թատերական թարգմանիչ և մշակույթի գործիչ Անդրանիկ Խեչումյանի անդրադարձը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ցավալի վախճանի առթիվ: «Արմենպրես»-ը մեջբերում է «Ալիք» օրաթերթի սեպտեմբերի 26-ի համարում Խեչումյանի տպագրված հոդվածը:
«Նա բովանդակ միության նախագահն էր. միության անդամ և ոչ անդամ բոլոր գրողները հարգելի էին նրա համար: Նրանց հետ համագործակցում էր, հատորները հրատարակում՝ անկախ քաղաքական հայացքներից, որոնք երբեմն հակասում էին նրա հայացքների հետ: Նրա համար կարևորը հեղինակի ստեղծագործություններն էին, ոչ թե նրա քաղաքական հայացքները:
Անսահման էր նրա սերը Իրանի և Իրանի գրականության նկատմամբ: Նրա նախաձեռնությամբ Հայաստանում թարգմանվեց և լույս տեսավ իրանցի թատերագիրների 10 թատրերգ, և համապատասխան շնորհանդեսը կայացավ Հայաստանում` իրանցի թատերգուների ներկայությամբ: Փոխադարձաբար, համաձայն պայմանագրի, պիտի Իրանում լույս տեսնեն 12 հայկական թատրերգեր:
Այժմ իսկ կրկին նրա նախաձեռնությամբ Հայաստանի բանաստեղծություններով 12 գրքեր թարգմանվել են Իրանում և տպագրվում են «Աֆրազ» հրատարակչության կողմից:
Հայաստանի և Իրանի միջև գրականության կամրջի ակտիվացումը նրա մի շարք ձեռքբերումներից է: Գրականության կամրջի գործունեության շրջանակում մեծ թվով բանաստեղծներ Իրանից Հայաստան հրավիրվեցին, ու շատ գրողներ Հայաստանից եկան Իրան»:
Երևանում սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կյանքից հեռացել էր Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Լևոն Զաքարի Անանյանը ծնվել էր 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964թ.-ին ավարտել էր Կողբի միջնակարգ դպրոցը, իսկ 1968թ.-ին` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ.-ին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990թ.-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ.-ին հիմնել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001թ.-ին ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Դասախոսում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն էր 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ.-ի մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: