Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Եվրոպայում հարյուրավոր չվերթեր են հետաձգվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ ձյան պատճառով Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում հետաձգվել են շուրջ 300 չվերթեր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, փարիզյան մեկ այլ` «Օռլի» օդանավակայանում ևս հետաձգվել է օրական չվերթերի մոտավորապես 1/4-ը:
Ինչպես տեղեկացվել է`ուժեղ ձյան պատճառով Lufthansa ավիաընկերությունը եւս հետաձգել է 250 չվերթ, որոնց մեծ մասը` Դյուսելդորֆից և Ֆրանկֆուրտից, իսկ ֆրանկֆուրտյան օդանավակայանի օպերատոր Fraport AG-ն հայտարարել է 140 չվերթերի հետաձգման մասին:
Բացի այդ` ուժեղ քամին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից չվերթերի ձգձգման պատճառ է դարձել, որը Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է: