Թբիլիսին գտել է իր բանակը Աֆղանստանի համար օգտակար դարձնելու եղանակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո այդ երկրի զինվորների հետ ռազմական դասընթացներ անցկացնելու խնդրով կզբաղվի Վրաստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքն առաջին հերթին գնում է լեռնային դիպուկահարներ պատրաստելու մասին, որոնց հետ կաշխատեն 2008թ. ռուս-վրացական պատերազմին մասնակից փորձառու մասնագետները: Դասընթացները կանցկացվեն Վրաստանի Սաչխերեի շրջանում:
Աֆղանստան կատարած այցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այս հարցով համաձայնագիր է ստորագրել այդ երկրի քաղաքական եւ ռազմական իշխանությունների հետ: «Մենք քննարկել ենք աֆղանների ուսուցումը Վրաստանի պաշտպանության ակադեմիայում եւ Սաչխերեի շրջանում: Աֆղանստանի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Իրակլի Ասալանիան:
Հյուսիսատլանտյան դաշինքի նախագծի համաձայն` Միջազգային ուժերի մարտական ստորաբաժանումները, որոնք Աֆղանստանում անվատանգությունն են ապահովում, կլքեն երկիրը 2014թ., որից հետո երկրի հսկողությունը կանցնի ազգային ուժերին: Իսկ աֆղանական բանակի ֆինանսավորման որոշումը կընդունվի Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: