Միջազգային

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը կբաժանվի նաեւ Դեր Զորի բնակիչներին. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը կբաժանվի նաեւ Դեր Զորի բնակիչներին. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնության ծանրոցների տրամադրումը սիրիացիներին դեռեւս չի սկսվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ բացառության կարգով մեկ ծանրոց է տրամադրվել արաբ մի կնոջ, ով երկար ժամանակ կանգնել է «Արամ Մանուկյան» հայկական ակումբի դիմաց:

Այժմ Հալեպի քաղաքապետի եւ Կարմիր մահիկի կազմակերպության աշխատակիցները, ինչպես նաեւ Հալեպի շտապ օգնության մարմինը կազմակերպչական աշխատանքներ են տանում ծանրոցները տեսակավորելու ուղղությամբ, որի ավարտից հետո կսկսվի դրանց բաշխումը կարիքավոր սիրիացիներին:

Ամենայն հավանականությամբ, ծանրոցների բաշխումը կսկվի 2 օրվա ընթացքում:«Ընդհանուր 1400 ծանրոց կա, որը պետք է հատկացվի ոչ միայն հալեպցիներին, նաեւ այլ քաղաքների բնակիչներին, այդ թվում մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող Դեր Զորի բնակիչներին»,- նշեց Ռեյիսյանը:Մամլո խոսնակը ողջունել է հայ ժողովուրդի կողմից այս շնորհակալ մոտեցումն` ավելացնելով, որ անկախ ծանրոցների նյութական արժեքից, գոյություն ունի բարոյական արժեք. սիրիացիների համար այս դժվար պահին հայ ժողովուրդը չի մոռացել եւ ձեռք է մեկնել նրանց:

Ինչ վերաբերում է Հալեպի ընդհանուր իրավիճակին, ապա, Ռեյիսյանի տեղեկացմամբ, իրավիճակը բավական հանգիստ է, կրակոցների ձայներ չեն լսվում:

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ Հալեպի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին նման նախաձեռնության համար` ավելացնելով, որ ուղարկված ծանրոցներն ապացուցում են երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում