Միջազգային

News of the World-ի սկանդալի պատճառով Քեմերոնը կկրճատի Աֆրիկա այցը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կկրճատի իր պաշտոնական այցն Աֆրիկա բրիտանական News of the World թերթի շուրջը բորբոքված սկանդալի պատճառով: Այդ մասին այսօր հաղորդել Է Guardian թերթը:

Քեմերոնի այցն Աֆրիկա կտեւի երկու օր, թեեւ ավելի վաղ հաղորդվել Էր, որ վարչապետի աշխատանքային ուղեւորությունը կշարունակվի չորս օր: Քեմերոնը կայցելի Հարավային Աֆրիկա, որտեղ ելույթ կունենա Աֆրիկայի ազատ առեւտրի գոտիների մասին զեկուցմամբ: Վարչապետը նաեւ կայցելի Նիգերիա: Այնուհետեւ նա կվերադառանա Մեծ Բրիտանիա, որպեսզի անձամբ վերահսկի News of the World-ի լրագրողների կողմից նշանավոր մարդկանց հեռախոսների գաղտնալսման աղմկահարույց գործի հետաքննության ընթացքը: Բացի Հարավային Աֆրիկայից եւ Նիգերիայից, Քեմերոնը պլանավորել Էր այցելել Ռուանդա եւ Սուդան:

News International հրատարակչական տունը (որը մտնում Է News Corp. մեդիա կորպորացիայի մեջ) քննադատության տարափի տակ Է հայտնվել սենսացիոն պատմություններ ստանալու համար նշանավոր մարդկանց գաղտնալսման լայնընդգրկուն փաստերի պատճառով: Սկանդալի ֆոնի վրա արդեն փակվել Է News of the World հանրահայտ տաբլոիդը եւ բազմիցս հնչել են News International-ի ղեկավար Ռեբեկա Բրուքսի պաշտոնաթողության կոչեր:

Նախօրյակին Բրուքսը կալանավորվել Է, բայց 12 ժամ հետո գրավով բաց Է թողնվել:

Բրուքսը նախկինում գլխավոր խմբագրի պաշտոններ Է զբաղեցրել News of the World եւ Sun թերթերում: Նրա խմբագիր եղած ժամանակ News of the World-ին բաժին են ընկել գաղտնալսման ամենաաղաղակող դեպքերը, ներառյալ 2002 թվականին սպանված աղջկա՝ Միլլի Դոուլերի հեռախոսի ինքնապատասխանիչի հաղորդագրությունների հետ կատարված մեքենայությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում