ՄԻՆՍԿ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած երկուշաբթի օրը Մինսկի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությունը բացահայտված Է: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Մինսկում հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այսօր առավոտյան ժամը հինգին բացահայտվել Է մետրոյում կատարված պայթյունի հետ կապված հանցագործությունը: Չեկիստներին եւ միլիցիային մեկ օր պահանջվեց, որպեսզի արդեն (նախօրյակին) երեկոյան ժամը 9-ին անաղմուկ եւ առանց ամպագոռգոռ խոսքերի փայուն գործողություն իրականացնեն»,- ասել Է նախագահը Մինսկում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով, կալանավորվածներն արդեն ցուցմունքներ են տվել: «Գլխավորն այն Է, որ մենք գիտենք, թե ովքեր են նրանք, բայց առայժմ անհայտ Է, թե նրանք ինչու են ահաբեկչական գործողություն կատարել, բայց դա շուտով հայտնի կլինի»,- ասել Է Լուկաշենկոն: Անցյալ երկուշաբթի օրը Մինսկի մետրոյում կատարված պայթյունի գործով կալանավորվածները խոստովանել են ավելի վաղ հանրապետությունում եւս երկու ահաբեկչական գործողությունների կատարումը, հաղորդել Է Բելառուսի նախագահը: Նրա խոսքով, նրանց «խղճին են Մինսկում Անկախության օրը, ինչպես նաեւ ավելի շուտ Վիտեբսկում կատարված ահաբեկչական գործողությունները»:
«Հրեշավոր Է, բայց փաստ, որ հանցագործություն կատարած այդ սրիկաներն աշխատել են կոնկրետ աշխատանքային կոլեկտիվներում, որը խառատ, որը փականագործ»,- հաղորդել Է Լուկաշենկոն: