1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով նորանշանակ դեսպանին հայոց հոգեւոր կենտրոնում` Վեհափառ Հայրապետը հաջողություններ է մաղթել Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում` հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարության շրջանում առավել կսերտանան եւ կամրապնդվեն երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը, ինչպես նաեւ համագործակցությունը Մայր Աթոռի եւ դեսպանատան միջեւ: Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ եւ եղբայրական հարաբերություններին, որոնք արդյունավորվում են համատեղ տարաբնույթ ծրագրերով: ՌԴ դեսպան Կովալենկոն շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար` անդրադառնալով հայ-ռուսական կապերին եւ դեսպանատան ապագա ծրագրերին: