Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընտրություններում քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերժ Սարգսյանը նշեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եկել եմ այստեղ քվեարկելու այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի»,-ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։

Նա նաև բոլոր քաղաքացիներին հորդորեց և խնդրեց մասնակցել ընտրություններին, քանի որ քաղաքացիների մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության։

Սերժ Սարգսյանը նաև հավելեց, որ ցանկանում է Հայաստանում տեսնել ազգային համախմբում։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում