Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հանրապետության դպրոցներում կիրականացնի ուսումնական վարժանքներ
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հանրապետության դպրոցներում կիրականացնի ուսումնական վարժանքներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հասարակայնության հետ կապերի եւ միջազգային համագործակցության բաժնի պետ Համլետ Բիշարյանը, դասընթացներ կիրականացնեն Երեւանի 22, Արմավիրի, Արագածոտնի մարզերի 6-ական, Արարատի 4 դպրոցներում: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ուսումնական վարժանքներ կանցկացնի նաեւ հանրապետության որոշ խոշոր քաղաքներում եւ ԼՂՀ-ում: Հ. Բիշարյանի խոսքով, նախատեսում են ինչպես տեսական, այնպես էլ գործանական պարապմունքներ: Սեյսմիկ ծառայության աշխատակիցները նման պարապմունքներ Հայաստանի մի շարք դպրոցներում, ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում անցկացրել են մինչեւ ուսումնական տարվա ավարտը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ուսումնական պարապմունքներին մասնակցել են 8 հազար 655 աշակերտներ եւ ուսանողներ, 716 ուսուցիչներ եւ դասախոսներ, 648 նախադպրոցականներ եւ դաստիարակներ եւ այլն: Ամռանը ծառայության աշխատակիցները վարժանքներ են անցկացրել հանգստյան տներում, ճամբարներում, մասնավորապես, Ծաղկաձորում, Աղվերանում: Սեյսմիկ ծառայությունը մշակել է վարքականոններ, թե ինչպես պետք է վարվի յուրաքանչյուրը երկրաշարժից առաջ, ընթացքում եւ հետո: «Հայկական կարմիր խաչե-ի հետ տպագրել են տեղեկագրեր, բուկլետներ, որոնք տարածում են ոչ միայն դպրոցներում այլեւ հիմնարկ ձեռնարկություններում, թաղապետարաններում, կազմակերպում են զրույցներ, վարժանքներ: Ծառայության աշխատակիցները սովորեցնում են անհրաժեշտ վարքականոնները, որոնցով պետք է առաջնորդվեն աղետների, մասնավորապես, երկրաշարժի ժամանակ, իրականացնում են տարհանում, պատսպարում: «Նման դասընթացները շատ կարեւոր են, հատկապես աղետի գոտու երեխաների համար, աշակերտները խաղերի, պարապմուքների միջոցով ոչ միայն ծանոթանում են վարքականոններին, այլեւ գիտելիքներ են ձեռք բերում բնական աղետների վերաբերյալ: Դրական արձագանքներ շատ են եղել եւ գրեթե միշտ դպրոցները կրկնակի մեզ դիմում են` նման վարժանքներ անցկացնելու համարե,-ասաց Հ. Բիշարյանը: Դասընթացների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում նաեւ հիմնարկ-ձեռնարկություններում: Հ. Բիշարյանի խոսքով, նրանց հիմնականում հետաքրքրում է երկրաշարժը կանխատեսելու, վարքականոնների վերաբերյալ հարցեր: «Մարդիկ շատ անհանգստացած են իրենց շենքերի սեյսմակայունությամբ: Ընկերությունները մեզ հաճախ դիմում են իրենց շենքերի սեյսմակայության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Մենք էլ խորհուրդներ ենք տալիս, ուղղություններ ցույց տալիս, թե շենքի որ հատվածները կարելի է ամրացնելե,-ասաց Հ. Բիշարյանը: Սեյսմիկ ծառայության աշխատակիցները նաեւ շրջում են հիմնարկների սենյակներով եւ խորհուրդ տալիս որոշ առարկաների, գույքի ճիշտ տեղավորման վերաբերյալ: Ըստ Հ. Բիշարյանի ողջունելի է այն փաստը, որ մարդիկ գիտակցաբար են մոտենում եւ մասնագետների խորհուրդները չեն անտեսում: Սեյսմիկ ծառայությունը տարբեր միջոցառումների շնորհիվ փորձում է նվազեցնել սեյսմիկ ռիսկը, որն ուժեղ երկրաշարժով պայմանավորված նյութական եւ մարդկային կորուստն է: