Վ. Օսկանյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում քննարկել է երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Իրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, երկու երկրների արտգործնախարարները գոհունակությամբ նշել են, որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի` հուլիսին Իրան կատարած այցից հետո հետեւողականորեն կյանքի են կոչվում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես, Իրան-Հայաստան գազատարի, բարձր լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի, ինչպես նաեւ այլընտրանքային ճանապարհի շինարարության ծրագրերը: Շոշափվել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Գոհունակություն է հայտնվել հարաբերությունների ակտիվ զարգացման, տարբեր մակարդակներով երկկողմ շփումների առնչությամբ: Կարեւորելով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, զրուցակիցներն անդրադարձել են գոյություն ունեցող առեւտրատնտեսական կապերին: Նշվել է, որ Հայաստանի եւ Իրանի բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլեւ նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Այս առումով կողմերն առանձնացրել են Հյուսիս-Հարավ առանցքի լիարժեք գործարկումը: Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին` մտքերի փոխանակում կատարելով Իրաքի, Աýղանստանի, Մերձավոր Արեւելքի զարգացումների շուրջ: Քննարկվել են նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման հնարավորությունները: Նախարար Վ.Օսկանյանը ներկայացրել է վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Օրվա երկրորդ կեսին Վարդան Օսկանյանին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը, քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի դարավոր բարեկամությանն ու պատմամշակութային ընդհանրություններին` ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ կապերն այսօր հզոր հիմք են ծառայում երկու երկրների հատուկ հարաբերությունների զարգացման համար, որոնք շարունակում են ձեւավորվել փոխադարձ հարգանքի ու փոխվստահության մթնոլորտում: Նախարար Վ. Օսկանյանի եւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հանդիպման ընթացքում վերջինս տեղեկացրել է միջազգային կազմակերպություններում Իրանի միջուկային ծրագրերին առնչվող վերջին զարգացումները` շեշտելով միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ԻԻՀ իրավունքի մասին: Ալի Լարիջանիի խնդրանքով Վ.Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլը: ՀՀ ԱԳ նախարարի եւ Մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելի հետ հանդիպման ընթացքում կողմերը ողջունել են երկու երկրների միջխորհրդարանական կապերի աշխուժացումը` համոզմունք հայտնելով, որ սեպտեմբերին Իրանի Մեջլիսի նախագահ Հադադ Ադելի Հայաստան կատարած այցելությունը դրական լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին դեկտեմբերի 15-ին հաջողությամբ ավարտված Բանիմացների խորհրդի, խորհրդարանական միջանկյալ եւ քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների ընտրությունների կապակցությամբ: Մեջլիսի նախագահն ընդգծել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ կառույց է երկկողմ հարաբերությունների խթանման գործում եւ այդ համատեքստում կարեւոր է երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը: Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի իրանահայ պատվիրակության ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն