Տնտեսություն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի գործադիր տնօրեն Կոնստանտինոս Խաձիկոնստանդինուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում նավահանգստի գործադիր տնօրենը ներկայացրել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ որպես Հունաստանը, Բուլղարիան և Թուրքիան կապող կարևոր տրանսպորտային ու լոգիստիկ հանգույց։

 Անդրադարձ է կատարվել նավահանգստի երկաթուղային ենթակառուցվածքներին, տարածաշրջանային բեռնափոխադրումների ապահովման գործում նրա դերին, ինչպես նաև Սևծովյան և միջերկրածովյան ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա բաղկացուցիչ մաս կազմող «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և տնտեսական փոխկապակցվածության ընդլայնման հեռանկարները։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ արտահանմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հնարավոր դերակատարությանը՝ որպես Հայաստանից Եվրոպա արտահանվող բեռների տարանցման և բաշխման հանգույց։

Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դանգազյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում