Հին Ջուղայի հուշարձանների ոչնչացման դատապարտման խնդիրը մշտապես լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հին Ջուղայի հուշարձանների ոչնչացման դատապարտման խնդիրը մշտապես լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանը հետամուտ է լինելու, որ խնդիրը դառնա հրապարակային, կանխարգելվեն նման դեպքերը: «Այս խնդիրը վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, մեր ժողովրդի անվտանգությանը, փոխադարձ վստահության հարցերին: Առանց այս հարցին պատշաճ ուշադրություն դարձնելու, պատճառները հայտնաբերելու եւ դատապարտելու` լրացուցիչ բարդություններ են լինելու հենց ԼՂ գործընթացումե,-ասաց Վ.Օսկանյանը: Հայաստանը կպնդի, որ, առանց զուգահեռներ անցկացնելու ԼՂ-ի եւ հարակից շրջանների միջեւ, Եվրախորհուրդը, ՅՈւՆԵՍԿՕ-ն կամ միջազգային մյուս կազմակերպություններն իրենց առաքելություններն ուղարկեն Նախիջեւան: Ադրբեջանը ձգտում է զուգահեռներ անցկացնել` պնդելով, որ թույլ կտա միջազգային դիտորդներին մտնել Նախիջեւան, եթե նրանք այցելեն նաեւ ԼՂ եւ հարակից տարածքներ: Ըստ Վ.Օսկանյանի` զուգահեռներն անտեղի են, քանի որ մի դեպքում պատերազմի արդյունքում են ավերվել հուշարձանները, իսկ Հին Ջուղայում կրակոցներ երբեւէ չեն եղել, եւ Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացման քաղաքականություն է վարել: Հին Ջուղայի մասին պատմող ցուցահանդեսը, որն առաջին անգամ օրերս բացվել է Ստրասբուրգում, ըստ նախարարի, կներակայացվի նաեւ աշխարհի տարբեր երկրներում:

Հայերեն