Մարտունիի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց վարձակալած բնակտարածքների նկատմամբ
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց իրենց վարձակալած բնակտարածքների նկատմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, նրանք քաղաքի Շահումյան փողոցի 15/1 շենքի այն բնակիչներն են, ովքեր երկար տարիներ վարձակալությամբ բնակվելով նախկին շրջսանէպիդկայանին պատկանող տարածքում, իրավական տարբեր խոչընդոտների պատճառով չէին կարողանում օրինականացնել ու սեփականաշնորհել իրենց անշարժ գույքը։ Սակայն այդ երկարատև սպասումն ու անորոշությունն արդեն մնացել են անցյալում։
Օրերս Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը համայնքապետարան էր հրավիրել հիշյալ շենքի բնակիչներին՝ անձամբ հայտնելու երկար սպասված ուրախալի լուրը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին և նրանց հանձնել համապատասխան որոշումները, որոնցով շենքի 7 բնակարանները նվիրատվությամբ հատկացվել են դրանք տասնամյակներ շարունակ վարձակալող 7 ընտանիքներին։
«Տարիների խնդրի հանգուցալուծումը ոչ միայն իրավական ակտերի հստակեցում է, այլև մարդասիրական ու արդարացի քայլ՝ ուղղված մեր համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ու նրանց սեփականության իրավունքի պաշտպանությանը»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։