Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ մի քանի օրվա մարտերի, նաև՝ պատերազմի հնարավոր լիարժեք վերսկսման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
ԻՊԲ-ն հայտնել է, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ գիշերվանից ի վեր արձակել է 24 բալիստիկ հրթիռ, որոնք խոցվել են կամ ընկել բաց տարածքում: Տուժածներ չկան: Հրթիռների բեկորներից մեկն ընկել է Արևմտյան ափի բնակավայրերից մեկի վրա՝ վնասելով մի քանի տուն:
Եվս երկու հրթիռ արձակվել է Եմենից: Տուժածներ և ավերածություններ չկան: Եմենի հութիները հայտարարել են, որ կարգելեն իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով:
Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն շեշտել է, որ հարվածներն իրականացրել է միայն Իսրայելը, սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հետ «լիարժեք համակարգմամբ»: Ըստ ԻՊԲ-ի՝ ամերիկյան ուժերը նույնպես մասնակցել են իրանական հրթիռների խոցմանը:
Իսրայելական կողմը նաև հայտարարել է, որ ավարտել է զանգվածային հարվածներն Իրանի պաշտպանության ռազմավարական համակարգերին և ոչնչացրել դրանք: Ընդհանուր առմամբ, խոցվել է ինը ՀՕՊ համակարգ և Բանդար Մահշահր քաղաքի նավթաքիմիական համալիրի երեք գործարան:
Գիշերվանից Իրանի և Իսրայելի միջև հարվածները վերսկսվել են՝ ապրիլի սկզբին հաստատված հրադադարից ի վեր առաջին անգամ: Իրանը գրոհներ է իրականացրել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Բեյրութի արվարձաններում իրանամետ «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը, ընթանում են խաղաղության շուրջ վերջնական բանակցություններ: