Վ.Օսկանյան. «Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականության շնորհիվ ակտիվ ներգրավվել է եվրաինտեգրման գործում եւ ավելի խորացնում է ընդգրկվածությունը ՀԱՊԿ-ումե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականության շնորհիվ արդեն մի քանի տարի ակտիվ ներգրավվել է եվրաինտեգրման գործում եւ ավելի է խորացնում ընդգրկվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, փոխլրացման քաղաքականությունն ամենարդյունավետն է անվտանգության համակարգում, որը ներկայումս բազմաշերտ է: Նախարարը նշանակալի համարեց, որ բոլորն ընդունում են, որ Հայաստանը հիմնվում է հենց այդ սկզբունքի վրա: «Ռուսաստանի հետ ունենք բավական ամուր պայմանագիր, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպության ակտիվ անդամ ենք, ներգրավված ենք ՆԱՏՕ-ի գործընթացներում, միացել ենք զենքերի չտարածման, ԵԱՀԿ-ի շրջանակներում սովորական սպառազինությունների հավասարակշռման, հավասար քվոտաների տրամադրման փաստաթղթերին, եւ այլ երկրների հետ անվտանգության հարցերի շուրջ երկկողմ համագործակցություն ենք ծավալում: Այդ ցուցակն օրեցօր ավելանում էե,-պարզաբանեց նախարարը: Նրա խոսքերով` Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականության Գործողությունների, Եվրախորհրդի առջեւ պարտավորությունների ծրագրերով, ՆԱՏՕ-ի IPAP-ով լուրջ բովանդակություն է տրվում նաեւ Հայաստան-Եվրոպա հարաբերություններին: Հաջորդ վեց ամիսները Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման առումով առավել արդյունավետ են լինելու: Ըստ նախարարի` աշխատանքները կտարվեն երկու ուղղությամբ` բազմակողմ առումով Եվրահանձնաժողովի, նաեւ երկկողմ համագործակցություն կհաստատվեն ԵՄ անդամ երկրների հետ: Գալիք տարվա առաջին կեսին կլինի նաեւ ՆԱՏՕ-ի գնահատման գործընթացն Անհատական գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ: Եվրախորհրդի առջեւ պարտավորությունների կատարման առումով 2007թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն Սահմանադրության անցումային դրույթները, եւ գալիք տարում պետք է կատարվեն բոլոր օրենսդրական փոփոխությունները:

Հայերեն