Քաղաքականություն

Հայաստանն անցած տարի ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանն անցած տարի ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցել

Հայաստանի Հանրապետությունն անցած տարի 1 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն անդամավճար է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի ու կոնվենցիաների։

«2025 թվականին, ըստ էության,փաստացի փոխանցում է կատարվել 101 կազմակերպության։ 2025 թվականին մենք չենք փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ում մեր մասնակցության համար՝ պարզ պատճառով, որ մենք մասնակցություն չենք ունեցել այդ կազմակերպության գործունեությանը»,-մանրամասնել է Միրզոյանը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։

Անդրադառնալով միջազգային համագործակցության հարթակներին՝ արտգործնախարարը մասնավորապես նշել է անցած տարի Հաագայում կնքված Վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին Հայաստանի միանալը, որի շնորհիվ Հայաստանը դարձել է մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամ պետությունը։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը նաև իր պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-29 թվականների շրջափուլի համար։

Բացի այդ՝ Հայաստանը Առողջության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովում ընտրվել է հաջորդ հյուրընկալող երկիր։ Միջազգային համագործակցության անցած տարվա նորույթներից Միրզոյանն ընդգծեց նաև ԱՄՆ նախագահի նախաձեռնած կառույցի՝ Խաղաղության խորհրդի ձևավորմանը մասնակցելը։

«Սրանք նաև ցուցանիշներ են միջազգային բազմակողմ հարաբերություններում մեր ակտիվության և մեր հետաքրքրությունների ու մեր նկատմամբ հետաքրքրությունների աճի մասին»,-ասել է ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում