2 րոպեի ընթերցում
Լատվիան կարող է հաջորդ շաբաթ քննարկել Ռուսաստանի հետ սահմանին սահմանափակումներ մտցնելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Delfi լրատվական հարթակը։
«Կառավարությունը կարող է Ռուսաստանի հետ սահմանին անցակետերը փակելու հարցը քննարկել հաջորդ շաբաթ։ Վարչապետ Անդրիս Կուլբերգսը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է մինչև հաջորդ շաբաթ պատրաստել Լատվիայի հստակ դիրքորոշումը Ռուսաստանի հետ սահմանին հնարավոր սահմանափակումների վերաբերյալ այն բանից հետո, երբ Էստոնիան որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ից փակել ՌԴ-ի հետ սահմանին գործող անցակետերը», - ասվում է հրապարակման մեջ։
Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան աջակցում է Ռուսաստանի հետ սահմանին անցակետերը փակելու հարցի առաջմղմանը, նշում է Delfi-ն:
Էստոնիայի կառավարությունը նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել դեկտեմբերի 1-ից դադարեցնել Էստոնիայի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանի հատումը։ Փակվելու են ՌԴ-ի հետ սահմանին գտնվող բոլոր ցամաքային հետիոտնային և ավտոմոբիլային հսկիչ անցակետերը։ Որպես սահմանը փակելու պատճառ հանրապետության ԱԳ նախարարությունում ավելի վաղ նշել են հրկիզման փորձը Threod Systems պաշտպանական ձեռնարկությունում, որին մասնակցության մեջ էստոնական կողմը մեղադրում է Ռուսաստանին։
Այս առնչությամբ Ռուսաստանում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նոյեմբերի 23-ին կանչվել է ՌԴ արտգործնախարարություն։