1 րոպեի ընթերցում
Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը միացնող ճանապարհահատվածը հիմնանորոգվել և հանձնվել է շահագործման։ Ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ծախսել է 680 միլիոն դրամ։
Ախուրյանի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ հիմնանորոգվել է 14 կմ ճանապարհ։ Ճանապարհահատվածում ենթակառուցվածքային խնդիրների բացակայությունը հնարավորություն է տվել աշխատանքներն իրականացնել համեմատաբար կարճ ժամկետում։ «Ճանապարհի հիմնանորոգումը կապահովի ավելի հարմարավետ և անվտանգ տեղաշարժ, կդյուրացնի գյուղմթերքի իրացումն ու առևտուրը՝ նոր հնարավորություններ ստեղծելով բնակավայրերի տնտեսական զարգացման համար»,-նշել են համայնքապետարանից։
Ծրագրի երկրորդ փուլով ճանապարհը կշարունակվի և կմիանա Գյումրիին՝ կրկին ՀՀ կառավարության ծրագրով։ «Երկրորդ փուլում նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 6 կմ ճանապարհ։ Այդ հատվածում անհրաժեշտ են նաև ենթակառուցվածքների՝ կոյուղու, ջրատար համակարգերի և ստորգետնյա էլեկտրականության հետ կապված աշխատանքներ, ինչը ծրագրի իրականացումը կդարձնի ավելի երկարատև։
Երկրորդ փուլի աշխատանքների իրականացման մրցույթներն արդեն անցկացվել են»,-ավելացրել են Ախուրյանի համայնքապետարանից։