4 րոպեի ընթերցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին, ինչպես նաև պատասխանել է լրագրողների հարցերին՝ Ուկրաինայի հետ հակամարտության և եվրոպական անվտանգության շուրջ բանակցությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Եռակողմ բանակցությունների մասին Պուտինը նշել է, որ սա «որոշակի էջ է դիվանագիտության պատմության մեջ», քանի որ նախկինում նման հանդիպում տեղի չի ունեցել: Նա Շենժենում կայացած հանդիպումը որակել է «օգտակար»՝ նշելով, որ կողմերի միջև լիակատար փոխըմբռնում է եղել։
Պուտինը հայտնել է, որ իր գործընկերների հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ազատ նավագնացության ապահովման հարցերին։
Քննարկումը վերաբերել է նաև միջուկային զենքի տարածման կանխարգելմանը։
Լրագրողների հետ զրույցում Պուտինն անդրադարձել է Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածներին՝ նշելով, որ Մոսկվայի պատասխանը Կիևի համար ցավոտ է լինելու։
Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծորեն ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
«Ես կասկած չունեմ, որ նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև անկեղծորեն ցանկանում է կարգավորել երկկողմ հարաբերությունները մի շարք ուղղություններով։ Մեզ համար, բնականաբար, կարևոր է նաև ռուս-ամերիկյան ուղղությունը», - նշել է նա։
Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունները, սակայն նոր փուլի անցկացման ժամկետներ դեռ չեն սահմանվել։
Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի հարցով այն փոխզիջումներին, որոնք ամերիկյան կողմն առաջարկել էր դեռևս 2025 թվականին Անքորիջում կայացած հանդիպումից առաջ։
«Ինչ վերաբերում է փոխզիջումներին, իհարկե, դրանք կան, իսկ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Ամերիկյան կողմը հանդես է եղել առաջարկներով, այդ թվում՝ Ալյասկայում, մենք համաձայնել ենք դրանց: Հարցն այն է՝ արդյո՞ք հակամարտության մյուս կողմերը՝ Ուկրաինան և, ասենք, տվյալ դեպքում՝ նրանց եվրոպացի հովանավորները, կցանկանան համաձայնել այդ փոխզիջումներին։ Այսինքն՝ կցանկանա՞ն արդյոք խաղաղ միջոցներով պայմանավորվածության հասնել ռազմական գործողությունների դադարեցման, պատերազմի ավարտի շուրջ, թե՞ ոչ։ Դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, այս պահին՝ ոչ», - հայտարարել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ անվտանգության համակարգի վերաբերյալ Ռուսաստանի պահանջներն օրինական են, և Մոսկվան պատրաստ է դրանք քննարկել, սակայն առանց եվրոպացիների դա անիմաստ է։
«Խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի անվտանգության մասին է։ Մենք ընդունում ենք, որ Ուկրաինան, ինչպես և Ռուսաստանը, անվտանգության իրավունք ունի։ Պարզապես ոչ ոք չի ցանկանում քննարկել Ռուսաստանի անվտանգությունը։ Մեզ համար սա, մեղմ ասած, էական հանգամանք է», - ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Մոսկվան մտադիր չէ որևէ զիջման գնալ Եվրոպայում անվտանգության համակարգի ձևավորման համար։ Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է՝ Ռուսաստանը չի ձգտում պատերազմի Եվրոպայի հետ։