Թրամփը Թաիլանդի հետ համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի վերացման մասին
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թաիլանդի հետ համաձայնության ձեռքբերման մասին, ըստ որի Թաիլանդը կվերացնի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆիլիպիններում Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլի հետ համատեղ ելույթի ժամանակ Թրամփը համաձայնագիրը որակել է որպես «պատմական առևտրային գործարք»՝ լրագրողներին հայտնելով, որ այն «հիմք կստեղծի շատ ավելի ամուր առևտրային հարաբերությունների համար» և երկու երկրներին «կմերձեցնի ավելի, քան երբևէ»։
Թրամփի խոսքով՝ համաձայնագրով Թաիլանդը կվերացնի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերը, ինչպես նաև «էական ոչ սակագնային խոչընդոտները», օրինակ՝ ամերիկյան ավտոմեքենաների, բժշկական սարքավորումների, դեղագործական արտադրանքի և էթանոլի հետ կապված գործող օրենքները և կարգավորումները, որոնք սահմանափակում են առևտուրը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ակնկալում է «առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական տեսքի բերել պաշտոնական համաձայնագրի մանրամասները»։
Թաիլանդի վարչապետն իր հերթին նշել է, որ համաձայնագիրը պետք է «նոր հնարավորություններ բացի»։ Նա ընդգծել է, որ «դեռևս որոշ աշխատանք կա անելու», սակայն վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը շուտով պատրաստ կլինի ստորագրման։