2 րոպեի ընթերցում
Հայաստանի 22 համայնքում 34 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար Կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 434 մլն դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության որոշման նախագիծը գործադիրի նոյեմբերի 12-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Արարատի մարզում կիրականացվի 4, Արմավիրի մարզում՝ 7, Գեղարքունիքի մարզում՝ 8, Լոռու մարզում՝ 4, Կոտայքի մարզում՝ 2, Շիրակի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 5, Տավուշի մարզում՝ 3 ծրագիր: Ծրագրերի հիմնականում վերաբերում են փողոցների ասֆալտապատմանը, ջրամատակարարմանը, ոռոգման համակարգի ընդլայնմանը, գազիֆիկացմանը»,- ասաց նախարարը:
Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ կարևոր ծրագրերից է Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մանկապարտեզի կառուցումը:
«Շինարարության ընթացքում շինարար փոխելու անհրաժեշտություն ունեցանք, այսօր արդեն մանկապարտեզը պատրաստ է, և Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենան գյուղում մանկապարտեզ հաճախելու»,- նշեց նա:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ընդունված որոշմամբ՝ 2026 թվականի համար համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերի ծավալը կհասնի 17 մլրդ 669 մլն դրամի, որը մինչև տարեվերջ ավելի կմեծանա: