4 րոպեի ընթերցում
Հորմուզի նեղուցը «երբեք չի վերադառնա» այն կարգավիճակին, որն ուներ մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա նշել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ վերահսկելու այդ կարևորագույն ջրային ուղին՝ որպես ութ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու նպատակով Թեհրանի կողմից ներկայացված յոթ կետից բաղկացած առաջարկի մի մաս։
«Այնտեղ «ազատ ջրեր» [միջազգային ջրեր] չկան, և 1982 թվականի [ՄԱԿ-ի՝ ծովային իրավունքի մասին] կոնվենցիան չի տարածվում այդ նեղուցի վրա։ Հորմուզի նեղուցում գործող կարգավորումները սահմանվում են այն երկու առափնյա պետությունների օրենքներով, որոնց տարածքներին այն սահմանակից է», - շեշտել է նա։
Ղալիբաֆը հայտնել է, որ Թեհրանը Կատարի միջնորդի միջոցով ԱՄՆ-ին հստակ պատասխան է փոխանցել՝ ներկայացնելով խաղաղ բանակցությունների համար իր յոթ պայմանները։ Նրա խոսքով՝ Իրանը սպասում է պաշտոնական արձագանքի։
«Այժմ գնդակն ամերիկյան դաշտում է», — ասել է նա։
Իրանի պայմաններն, ըստ Ղալիբաֆի, ներառում են ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակման և պատժամիջոցների վերացում, իրանական սառեցված միջոցների ազատ արձակում, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև պատերազմի ավարտի մասին հստակ հայտարարություն։
Նա նշել է, որ այս պահանջները հունիսին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի մաս են կազմում, և դրանց կատարումն անհրաժեշտ պայման է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու համար։
«Եթե Ամերիկան սահմանափակվի ձեռք բերված պայմանավորվածություններով՝ առանց ավելորդ պահանջներ ներկայացնելու կամ անվստահություն առաջացնող գործողությունների դիմելու, ապա, բնականաբար, հնարավոր կլինի համաձայնության գալ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ համաձայնության հասնելուն խոչընդոտում է Միացյալ Նահանգների նկատմամբ Իրանի անվստահությունը։
Ղալիբաֆը հայտնել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները խնդրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջնորդել Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու հարցում։
Նա նախազգուշացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածների վտանգի մասին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկրի հերթական պարտությունը և կբախվի հունվարին պաշտոնավարումն սկսող նոր Կոնգրեսի քաղաքական ճնշմանը։
Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը վճռական է՝ դուրս գալու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից՝ հորդորելով ստեղծել զսպման կայուն կարողություններ, այդ թվում՝ ռազմական հնարավորություններ։
Անդրադառնալով Եմենում կառավարական ուժերի և հութիների խմբավորման միջև ընթացող մարտերին՝ Ղալիբաֆը նշել է, որ «ոչ ոք չպետք է միջամտի» դրանց։
«Եթե Եմենի կառավարությունը և Սաուդյան Արաբիան մեր օգնությունը խնդրեն, մենք անպայման կառաջարկենք մեր օգնությունը՝ նրանց հակամարտությունը լուծելու համար», - ասել է նա։