Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

10 րոպեի ընթերցում

Նվիրված, եռանդով լի, աշխատասեր և պարկեշտ. այսպես են գրչակից ընկերները բնութագրում երջանկահիշատակ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, գրող Լևոն Անանյանին, որի 80-ամյակը Հայաստանի գրողների միության հարկի տակ էր համախմբել Անանյանի գործընկերներին, ընկերներին, ընտանիքի անդամներին։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ ծանոթացել է 1969 թվականին։ Անանյանն այդ ժամանակ Մանկավարժական համալսարանում թերթի խմբագիր է եղել։ Արագ են մտերմացել։ Հետո աշխատել են «Գարուն» ամսագրում։ «Լևոն Անանյանը ամսագրի Արվեստի բաժնի վարիչն էր, ես՝ Պոեզիայի։ Լևոնի՝ արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրությունը հենց այնպես չէր. նրա դիպլոմային աշխատանքը թատերական աշխարհին էր վերաբերում։ Խմբագրություն էին գալիս հայտնի ռեժիսորներ, դերասաններ։ Նրանց հետ կապված նյութեր էինք հրապարակում։ Լևոնը վազք էր սիրում. հաճախ էր ներկայացումների, թատերական երեկոների, տարբեր հանդիպումների մասնակցում, հետաքրքիր հանդիպումների վերաբերյալ հոդվածներ էր պատրաստում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միլիտոնյանը։

Այդ շրջանում «Գարուն» ամսագիրը, պահպանելով ավանդույթները, ուշադրության կենտրոնում է պահել հրապարակախոսական հոդվածները։ Ըստ Միլիտոնյանի՝ սուր, պրոբլեմատիկ հոդվածներ հրապարակելն ասես «Գարուն»-ի մենաշնորհն է եղել։

«Լևոն Անանյանն իր հոդվածներով հետաքրքիր հարցեր էր բարձրացնում։ Նա իր ստեղծած դաշտի տերն էր, և այդ դաշտում երկար, բեղուն աշխատեց»,-ասաց Միլիտոնյանն ու հավելեց՝ ժամանակները բարդ էին, սակայն Լևոն Անանյանի ջանքերով և՛ «Գարուն» ամսագիրը երկար ապրեց, և՛ Անանյանի հիմնադրած «Ապոլոն» հրատարակչությունն արդյունավետ աշխատեց։

Լևոն Անանյանի որդին, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը փաստեց՝ հայրը հոգատար է եղել, ընտանիքի անդամներին է փոխանցել սերը դեպի գիրը, գրականությունը, դեպի հայ մշակույթը։ «Ժամանակին Լևոն Անանյանի հորդորով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում «Երևանյան բեսթսելեր» նախագիծը սկսեցինք, որը գրքի, գրականության հանրահռչակմանն է ուղղված։ Կարծում եմ՝ այն լավ արդյունքներ տվեց. մեկնարկեց այն ժամանակ, երբ Երևանը հռչակվեց Գրքի մայրաքաղաք և բերեց ընթերցանության մեծ ալիքի։ Լևոն Անանյանի նախաձեռնությունն էր նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հռչակելը։ Նրա հետ էինք նաև որպես լրագրողներ, երբ Թումանյանի թբիլիսյան տան փրկության ծրագիրն էր իրականացվում։ Որոշ շրջան որպես կրտսեր գործընկեր փորձել եմ նեցուկ լինել նրան։ Նա  էլ իր խորհուրդներով, լրագրողական և գրական փորձով շատ հաճախ մեր մեջքին է կանգնել ու խրախուսել, որպեսզի նաև այդ ասպարեզում կարողանանք նշաձողը բարձր պահել»,-ընդգծեց Արամ Անանյանը։

Նա տեղեկացրեց, որ Լևոն Անանյանի ստեղծագործություններն ամփոփում են և պատրաստում հրատարակության։

Լևոն Անանյանը համագործակցել է նաև գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ, որն Անանյանին բացառիկ աշխատասեր մարդ է համարում։ Անանյանի հետ բազմաթիվ հարցեր են քննարկել՝ սկսած միության խնդիրներից մինչև բանաստեղծական կոչումներին վերաբերող հարցեր։ Ըստ Ասատրյանի՝ նրան ոչ միայն միության ներքին խնդիրներն են անհանգստացրել, որոնց լուծմամբ զբաղվել է, այլև արտաքին։ Անանյանը ձգտել է առաջ տանել գրականության ոլորտի լավագույններին, պարգևատրել նրանց։

«Երբեմն մեկ օրում կարող էր տասը միջոցառման մասնակցել։ Լևոն Անանյանի աշխատասիրությունը բացառիկ երևույթ էր։ Մի օր, երբ հանդիպեցինք նրա աշխատասենյակում, նկատեցի, որ անտրամադիր է։ Հարցրի, թե ինչ է պատահել, պատասխանեց, որ չի ցանկանում խոսել, սակայն ի վերջո ասաց պատճառը։ Նրան ասացի. «Մի մոռացիր, որ նստած ես գրող ականների բուրգի գագաթին»։ Սկսեց ծիծաղել և խոստովանեց՝ իրոք ական է։ Նա ամեն բան անում էր համբերությամբ։ Անգամ ամենածանր պահին ելք էր գտնում։ Ի ծնե մտավորական էր, և նրա կերպարը շատ անհրաժեշտ էր մեր գրականությանը։ Նա այդ ժամանակի գրականության հոր տպավորություն է թողել ինձ վրա»,-նշեց  Ասատրյանն ու հավելեց՝ Անանյանը  լուրջ գրականագետ էր, նուրբ բանաստեղծությունների հեղինակ։

Արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը շատ է կարևորում Լևոն Անանյանի մարդկային որակները։ Ամբողջ մի կյանք մշակույթի բնագավառում է, սակայն ավելի պարկեշտ, ավելի նվիրված, ջանադիր մարդու գրեթե չի հանդիպել։ «Նա հետագիծ է թողել՝ որպես խմբագիր, որպես թարգմանիչ։ Նա «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, հետո՝ «Ապոլոն»  հրատարակչության հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ Դա մի շրջան էր, երբ մենք կարոտ էինք թարգմանական գրականության, և «Ապոլոն»-ը դարձավ թարգմանական գրականություն մատակարարող, ընթերցանություն ակտիվացող օղակ։ Լևոն Անանյանն այդ ժամանակ շատ-շատ գրքեր թարգմանեց, ինչպես օրինակ՝ ռուսական ժամանակակից արձակ, Ռեյ Բրեդբերի, լիտվական գրականություն և այլն։ Նա զարգացրեց նաև հայ-վրացական կապերը»,-շեշտեց Գեղամյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև Լևոն Անանյանի թոռնուհին՝ Անի Անանյանը, որը ցավով նշեց՝ ավաղ, շատ շուտ են բաժանվել պապից։ «Շատ կցանկանայի, որ նա այսօր տեսներ իր թոռնիկներին, որոնցով միշտ հպարտանում էր։ Նա մարդուն կարդալու հատկություն ուներ։ Նրան ընդամենը երեք տարի եմ տեսել, սակայն շատ կապված եմ նրա հետ մինչև հիմա։ Իմ՝ արվեստի, գրելու նկատմամբ սերը հենց նրանից է գալիս, մեր մտերմությունից։ Նա միշտ մեզ հետ  է իր ստեղծագործություններով, ազդեցությամբ, և մենք պետք է ծաղկեցնենք նրա ստեղծածը, պահենք նրա անունն ու շարունակենք նրա գործը»,-եզրափակեց Անին։

2013 թվականին, երբ Լևոն Անանյանը կյանքից հեռացել է, Հայաստանի գրողների միության հարակից պուրակն անվանակոչվել է Լևոն Անանյանի անվան պոեզիայի պուրակ։ Առաջիկայում այդ պուրակում Անանյանի ընտանիքի ջանքերով հայ գրողի, հայ թարգմանչի համահավաք հուշարձան է տեղադրվելու, ինչը նաև Լևոն Անանյանի յուրահատուկ հարգանքի տուրքը կլինի իր գրչընկերներին։

Հրապարակախոս Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսությունը

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ: Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել է «Մանկավարժ» թերթը:

1975-ին ավյունով լի լրագրողն աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, ավելի ուշ դարձել ամսագրի գլխավոր խմբագիր:

Լևոն Անանյանը 1992 թվականին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ:

2001-ին ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ և մինչև կյանքի վերջ նախագահել է այն: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով:

Հայերեն

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջին օրը