2 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգները փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը և ավարտում մայրցամաքի պաշտպանությունը սուբսիդավորելու դարաշրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Նյուփորթի ռազմածովային քոլեջում։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է NBC-ն։
«Նախագահ Թրամփի՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» արտաքին քաղաքականության հայեցակարգի և 2026 թվականի ազգային պաշտպանական ռազմավարության շրջանակներում հիմնովին վերանայվել են այն կանխադրույթները, որոնք 80 տարի շարունակ ուղղորդել են ամերիկյան պետական քաղաքականությունը։ Օրինակ՝ մենք վերաիմաստավորում ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ վերջ դնելով պաշտպանական ծախսերի սուբսիդավորման դարաշրջանին և դաշնակիցներից պահանջելով պաշտպանության բեռի իրական բաշխում», - հայտարարել է Հեգսեթը։
Նրա խոսքով՝ եվրոպացի դաշնակիցները պետք է առաջնային պատասխանատվություն ստանձնեն սեփական տարածաշրջանի անվտանգության ապահովման համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել էր ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին՝ հավաքական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ չհատկացնելու պատճառով։ Նա ընդգծել էր, որ դաշինքի երկրներն այդ բեռը դնում են ամերիկացի հարկատուների ուսերին։