«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
2 րոպեի ընթերցում
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն թիվ 17/66 ընտրատեղամասում 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս՝ շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ Ա․Հ․-ն քվեարկության հաջորդ օրը լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդ կերպ վերջինիս հասանելի դարձնելով իր քվեարկության արդյունքի վերաբերյալ տեղեկությունը։
Ա.Ս.-ն, ստանալով Ա.Հ.-ի քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը, ստուգել է նրա քվեարկության արդյունքը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։
Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), իսկ Ա.Ս.-ի նկատմամբ՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։