2 րոպեի ընթերցում
Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում մեկնարկել է նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի մեկնարկին երկու համայնքներում էլ բացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբները։
Շտաբների բացումից հետո Աշոցքի համայնքային ընտրական ցուցակը գլխավորող Կարեն Մանուկյանը և Ամասիայի ցուցակը գլխավորող Ջեմմա Հարությունյանը, իրենց թիմերի անդամների ուղեկցությամբ, հանդիպումներ են ունեցել համայնքների բնակիչների հետ։
Աշոցք համայնքում ընտրապայքարին կմասնակցի մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կուսակցության 45 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Մանուկյանը։
Ամասիա համայնքում ընտրապայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 45 թեկնածուից բաղկացած ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Ջեմմա Հարությունյանը։ Ընտրություններին կմասնակցի նաև «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որի 36 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Ղարիբյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Աշոցք և Ամասիա համայնքների ընտրությունները համակարգող թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը կգումարվեն նոյեմբերի 7-ին։
Երկու համայնքներում ընտրությունների կազմակերպման համար կգործի ընդհանուր առմամբ 45 ընտրատեղամաս։