Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ

6 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է հեղինակի ստեղծագործական ուղու հիմնական փուլերը, ոճական զարգացումները, գաղափարական և գեղագիտական սկզբունքները՝ վաղ որոնումներից, արձանագործական ձևաստեղծումներից մինչև վերացական մետաղյա հորինվածքներ, կամերային մանր պլաստիկա և նյութի հետ ազատ փորձարարություններ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկարչի «Մտորումներ» ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

Յուրի Պետրոսյանը, որը շրջում էր ցուցասրահներում ասաց՝ ներկայացված բոլոր քանդակների չափը թույլ է տալիս, որ դրանք գեղեցիկ դիտվեն թանգարանային հարկի տակ, սակայն կցանկանար՝ քանդակները լինեին բակերում, պուրակներում, այգիներում, քանի որ դրանք կարող են բարձրացնել հասարակության գեղարվեստական ճաշակը։ «Քանդակներ ստեղծելիս պետք է «ակտիվացնել» ֆորմաները, որպեսզի դրանք խոսուն լինեն։ Գուցե ցանկանայի այս գործերում որոշ փոփոխություններ անել, սակայն հիմնականում աշխատել եմ հասնել իմ ուզածին։ Անհարմար չեմ զգում ցուցադրել իմ աշխատանքները. եթե որևէ «թույլ» գործ ունենայի, չէի ցուցադրի»,-նշեց արվեստագետը։

Պետրոսյանի խոսքով՝ միշտ անդրադառնում է պայմանական թեմաների, ցանկանում է ցույց տալ մարդու տխրությունը, ուրախությունը։ Հաճախ հենց իր ներսի տխրությունն է փոխանցում քանդակին, կտավին։ «Չեմ ընդունում պաթետիկ քանդակները, գրեթե չունեմ նման գործ։ Իմ հարթաքանդակները մեր ազգային հարթաքանդակի շարունակությունն են, մոնումենտալ գործերն էլ պետք է անպայման համապատասխանեն ներքին ցանկություններին, որպեսզի հետաքրքիր լինեն, հակառակ դեպքում չեն գեղեցկացնի քաղաքն ու մարդուն գեղագիտական հաճույք չեն պատճառի։ Յուրաքանչյուր արձան, արվեստի գործ պետք է գեղագիտական ճաշակ ձևավորի, մարդուն մղի դեպի գեղեցիկ միջավայր, որը մենք ունենք, լավ քանդակագործներ ու նկարիչներ ունենք, մեր ժողովուրդն ունի այդ կարող ուժը։ Նման մարդկանց պետք է գործով ապահովել, որպեսզի քաղաքը հարստանա»,-ընդգծեց քանդակագործը։

Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներից մինչև 2010-ականները, Պետրոսյանի արվեստում առավել տեսանելի է դառնում մոնումենտալ մտածողությունը։

Ազգային մշակույթի նշանավոր ներկայացուցիչների հիշատակի հավերժացման գործում կարևոր տեղ ունեն Արամ Խաչատրյանի (1999) և Հովհաննես Այվազովսկու (2003) հուշարձանները՝ առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել Երևանը։

«Խաչատրյանի, Այվազովսկու արձանները քաղաքատիպ քանդակագործության նմուշներ են, պորտրետային են, երբ պետք է կերպարին հասնել։ Ոչ միայն քանդակը պետք է շատ հետաքրքիր լինի տվյալ միջավայրում, այլև՝ կերպարը, որպեսզի անցորդը հստակ հասկանա, որ սա Արամ Խաչատրյանն է, մյուսը՝ Մարտիրոս Սարյանը կամ Հովհաննես Շիրազը։ Այդ քանդակներից յուրաքանչյուրն իր խնդիրն է կատարում մարդկային արժեքները հարստացնելու գործում։ Այսօր արվեստը պետք է այնքան ծաղկի, որ ծաղկեցնի նաև միջավայրը»,-շեշտեց Յուրի Պետրոսյանը։

Ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը կարծում է՝ Յուրի Պետրոսյանի ստեղծագործությունը հայ կերպարվեստի վերջին կեսդարյա պատմության մեջ առանձնանում է պլաստիկական մտածողության ինքնատիպությամբ, հոգեբանական խորությամբ և գեղարվեստական արտահայտչամիջոցների բազմազանությամբ։ Ըստ նրա՝ համադրելով դասական ավանդույթն ու արդիական որոնումները՝ Պետրոսյանը ձևավորել է ուրույն ոճ, որի առանցքում մարդն է իր ներաշխարհով, ապրումներով, ողբերգություններով և հոգևոր ձգտումներով։ Նյութի, ձևի և հուզական արտահայտչականության ներդաշնակությունը միավորում է մոնումենտալ ու հաստոցային քանդակները, մանր պլաստիկան, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները, վերջին տարիներին ստեղծված կոլաժները։

Խոսելով Յուրի Պետրոսյանի մարդկային որակներից՝ համադրողն ասաց՝ հեղինակի խառնվածքը դրսևորվում է Պետրոսյանի լուսավոր ստեղծագործություններում։

«Գուցե սուբյեկտիվ հնչի, բայց Պետրոսյանն իմ կյանքում հանդիպած ամենաառաքինի ու «մաքուր» արվեստագետներից է, և այդ ամենն արտացոլվում է նրա գործերում։ 1960-ականներից սկսած հստակ տեսնում ենք նրա ծավալային մտածողությունը, թե ինչպես են նրան հետաքրքրում մարդու մարմնի կառուցվածքը, մարդը՝ մրջավայրում։ Չէ՞ որ 60-ականները հայտնի են որպես «ձնհալի» տարիներ, երբ արվեստագետներն ազատություն են ստանում, ստեղծագործում են կոնյուկտուրայից դուրս։ Գովելի է, որ վարպետը երբեք չի տրվել կոնյուկտուրային և միշտ ազատ է ստեղծագործել ազգային, հոգևոր և իրեն հուզող այլ թեմաներով։ Նրան միշտ հետաքրքրել են մարդ և միջավայր հարաբերությունները, և նա փորձել է իր մտքերը, պատկերացումներն ու գաղափարներն արվեստի միջոցով ներկայացնել՝ քանդակներ, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքներ, մանր պլաստիկա և այլն»,-նշեց Մարիամ Դավթյանն ու հավելեց՝ ցուցադրության մեջ ներառված են Պետրոսյանի՝ 1960-ականներից մինչև 2018 թվականի գործերը։

Պետրոսյանի արվեստի նշանակալիությունը ստեղծագործական ինքնությունը պահպանելու կարողությունն է. նա շարունակաբար վերանայել է իր արտահայտչամիջոցները՝ չկորցնելով արվեստի մարդկային բովանդակությունը։ Նրա ստեղծագործություններում ձևը դառնում է զգացմունքի, նյութը՝ գաղափարի, քանդակը՝ մարդու և աշխարհի երկխոսության միջոց։ Այս սկզբունքն է միավորում նրա արվեստի բազմազան դրսևորումները և ապահովում դրանց արդիական հնչողությունը։

 

 

 

 

 

 

Հայերեն

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ